Sunday, March 6, 2011

Ադրբեջանի արտգործնախարարի Թեհրան կատարելիք այցի իրական նպատակն` ըստ իրանական մամուլի

Panorama.am.5-3-2011- Առաջիկա երկուշաբթի օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցության համատեղ 8-րդ նիստին մասնակցելու նպատակով կժամանի Թեհրան:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին:
Իրանական «արաննյուզ.իռ» կայքն էլ, անդրադառնալով Մամեդյարովի թեհրանյան այցին, նշում է. «Վերջին շրջանում Իրանի ժողովուրդն ու իրանական լրատվամիջոցներն իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության առնչությամբ:
Փորձագետների կարծիքով Ադրբեջանն անհանգստացած է իսլամական աշխարհում կատարվող ապստամբություններից և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կանխի նրանց տարածումն Ադրբեջանում: Էլմար Մամեդյարովի այցի նպատակն Իրանից աջակցություն հայցելն է»:

Նշենք, որ նույն կայքի հաղորդմամբ` Ադրբեջանցի պաշտոնյաների նպատակն այն է, որպեսզի հնարավորինս քիչ քաղաքացիներ այցելեն Իրան: Ադրբեջանի Ասթարայի սահմանային անցակետի աշխատակիցները խնդիրներ են ստեղծում այն ադրբեջանցիների համար, որոնք ցանկանում են մեկնել Իրան:
Նկատենք, որ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը և սպասում է Ադրբեջանի փոխադարձ քայլին:

No comments: