Wednesday, March 30, 2011

Հրանտ Դինքը՝ WikiLeaks–ի փաստաթղթերում

Tert.am.29-3-2011-Թուրքական «Թարաֆ» (Taraf) օրաթերթը շարունակում է հրապարակել Թուրքիայի վերաբերյալ` WikiLeaks–ում տեղ գտած փաստաթղթերը։
2007թ. հունվարի 30-ին թվագրված փաստաթղթում Ստամբուլում Միացյալ Նահանգների այն ժամանակվա գլխավոր հյուպատոս Դեբորա Կ. Ջոնսը Պետքարտուղարությանն ուղարկած հեռագրում մանրամասներ է ներկայացնում «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև 2006թ. նոյեմբերի 14-ին Ստամբուլում տեղի ունեցած հանդիպման մանրամասները։
«Իրավապշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը Թուրքիայի համար մեծ կորուստ էր։ Դեսպանության և հյուպատոսության աշխատակիցները հաճախ էին հանդիպում Դինքի հետ։ Նմանատիպ հանդիպումներից վերջինը եղավ 2006թ. նոյեմբերի 14-ին, որի ժամանակ Դինքը հանդիպել էր ԱՄՆ-ի Աշխարհում կրոնի ազատության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Դինքն արել է շատ հետաքրքիր արտահայտություն՝ նշելով, որ պատմական բացասական հուշերի աղբյուրը ավելի շատ ազգայնականությունն է, քան կրոնը»,– Վաշինգտոն ուղարկված հեռագրում գրել է Դեբորա Ջոնսը՝ ներկայացնելով Հրանտ Դինքի կողմից հանդիպման ընթացքում արված որոշ հայտարարություններ։
«Ես որոշ չափով դեմ եմ, որ ազգային փոքրամասնություններին դիտեն որպես կրոնական փոքրամասնություններ։ Հայերն այս հողերում ապրել են 4 հազար տարի։ Սակայն, ցավալի է, որ հիմա դարձել են կրոնական համայնք։ Դա անընդունելի է։ Թուրքիան թուրք հանրությունը, որը մեծամասնություն է կազմում, չի դիտում որպես կրոնական համայնք։ Սակայն փոքրամասնություններին ընկալում է որպես կրոնական համայնքներ։ Սա խնդիրներ է առաջ բերելու։
Հանրապետության հռչակումից իր վեր, հակառակ այն բանի, որ ըստ Լոզանի համաձայնագրի և Սահմանադրության՝ պետք է քաղաքացիները հավասարապես պաշտպանության տակ վերցվեն, Թուրքիան ազգային փոքրամասնություններին երբեք չի դիտել որպես իր քաղաքացիներ։ 60 հազար հայեր շարունակում են ապրել որպես երկրորդ դասի քաղաքացիներ։ Պետությունը հայերին մոտենում էր որպես անվտանգության սպառնալիքի։ Սակայն այսօր նրանց թիվն այնքան քիչ է, որ այլևս սպառնալիք չեն համարվում։ Թուրքիան ստեղծված իրավիճակը փորձում է օգտագործել իր շահերի համար։ Այսօր անգամ համայնքը զուրկ է իրավունքներից»,- դեսպանի ներկայացմամբ՝ ասել է Դինքը։
«Մեծ տարբերություն կա այսօրվա Թուրքիայի և 30 տարի առաջվա Թուրքիայի միջև։ 30 տարի առաջ Էրբաքանի (նախկին վարչապետ) ժամանակաշրջանում քրիստոնյան թշնամի էր, իսկ Արևմուտքի ժողովուրդները՝ գյավուր։ Սակայն այսօր կա մի կուսակցություն, որի հիմքում ընկած է իսլամը։ Վերջինս ամրապնդում է մեր կապերը Արևմուտքի հետ։ Դրա հետ մեկտեղ կան ծայրահեղականներ, որոնք, սակայն, քիչ դերակատարություն ունեն»,- ասել է Դինքը։
Երբ հանդիպման ընթացքում Դինքին հարցրել են, թե ո՞ր կուսակցությունն է Թուրքիայում ներկայացնում «իրական աշխարհիկությունը», Հրանտը պատասխանել է՝ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը։
Հարցին, թե «Որպես կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ չե՞ք վախենում, որ Թուրքիայում կսկսի հզորանալ իսլամական ուղղվածություն ունեցող կուսակցությունը», Դինքը պատասխանել է՝ «Ոչ, չեմ վախենում»։
Իսկ ի պատասխան այն հարցին, թե «Ինչո՞վ եք վստահ, որ քեմալիզմից հրաժարվելու արդյունքում Թուրքիայում չեն հաստատվի շարիաթի կարգեր», Դինքը հայտարարել է. «Դրա արդյունքում կհաստատվեն ոչ թե շարիաթի կարգեր, այլ՝ ժողովրդավարություն։ Իսկ քեմալականները ժողովրդավար չեն։ Քեմալական պետությունն ինձ դատապարտեց այն բանի համար, որ ես ասել եմ՝ հայ եմ»։

No comments: