Sunday, April 3, 2011

Վրաստանում ամեն 50 կիլոմետրի վրա հայկական թեմ բացելը նպատակահարմար չէ. Վան Բայբուրդ

Tert.am. 2-4-2011- «Վրաստանը փոքր երկիր է, և ամեն 50 կիլոմետրի վրա թեմ բացելը ես չգիտեմ՝ ինչքանով է նպտակահարմար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը՝ անդրադառնալով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից բարձրացված այն հարցին, թե Ջավախքում հայերը պետք է ունենան առանձին եկեղեցական թեմ։ Վան Բայբուրդը նշեց, որ Վիրահայոց թեմն այսօր լուծում է Վրաստանի հայկական եկեղեցիների խնդիրները։
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամներ Արտակ Գաբրիելյանը և Վալերի Արաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել էին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Սամցխե–Ջավախքում առանձին թեմ ունենալու հարցն է բարձրացվել, որը, սակայն, Վրաստանի և Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք արձագանք չի ստացել։
Վան Բայբուրդը վստահեցրեց, թե Վրաստանի հայկական եկեղեցիներն այսօր իշխանությունների հոգածության տակ են։ Ըստ նրա՝ միայն վերջին 7 տարիների ընթացքում Վրաստանում 38 հայկական նոր եկեղեցի է կառուցվել, վերակառուցվել են տասնյակ հայկական եկեղեցիներ։ Վրաստանում այսօր 44 հայկական եկեղեցի է գործում, ևս 5-ը Վրաստանի իշխանությունները վիճահարույց են համարում։ 1356 թ.-ին Թբիլիսիում կառուցված և 2009թ.-ին փլված Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին նույնպես վերջին տարիներին հայտնվել էր Վրաստանի այն հինգ հայկական եկեղեցիների շարքում, որոնք վրացական կողմը վիճահարույց է համարում: Վան Բայբուրդը նշեց, որ եկեղեցու վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է։ Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունները, ըստ նրա, համապատասխան աշխատանքներ են տանում եկեղեցու վերակառուցման ուղղությամբ։

No comments: