Tuesday, April 5, 2011

Թեհրանը խզել է Լուվրի հետ հարաբերությունները

Tert.am. 4-4-2011- Թեհրանը հայտարարել է Լուվրի հետ հարաբերությունները խզելու մասին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Պատճառը Իրանի մշակույթի նախարարության ներկայացուցիչը բացատրել է ֆրանսիական թանգարանի կողմից սեփական խոստումը դրժելու ու ստորագրված համաձայնագիրը խզելու հանգամանքով։
Լուվրը պարտավորվել էր ցուցադրության նպատակով Թեհրան ուղարկել իր ֆոնդերի պարսկական հնությունները, սակայն առանց որևէ բացատրության ցուցանմուշները Իրան չեն ուղարկել։ Ընդ որում՝ Թեհրանը կատարել էր պայմանավորվածության իր մասը՝ մի քանի տարի առաջ ցուցադրության նպատակով Փարիզ ուղարկելով իր ցուցանմուշները։
Իրանական կողմի խոսքով՝ ֆրանսիացիները մինչև մարտ ժամանակ ունեին բացատրություն տալու համար։ «Մենք չենք ուզում, որ եվրոպական երկրները մեզ վրա վերևից նայեն, այդ թվում՝ մշակութային ոլորտում»,- հայտարարել է իրանցի պաշտոնյան։ Շատ փորձագետներ ենթադրում են, որ Իրանի այս որոշման հետևում ընկած է քաղաքականությունը։
Թեհրանն առաջին անգամ չէ, որ խզում է կապերը եվրոպական խոշորագույն թանգարանի հետ։ 2009-2010թթ. նմանատիպ սկանդալ էր բարձրացել՝ կապված բաբելոնյան ժամանակաշրջանի փաստաթղթի հետ, որն ավելի շատ հայտնի է «Մարդու իրավունքների հնագույն հռչակագիր» անվանումով։
Բրիտանական թանգարանը, որը խոստացել էր Թեհրան ուղարկել իր հնագույն ցուցանմուշները, հրաժարվեց կատարել իր խոստումը։ Դրան հաջորդեց 2010թ. փետրվարին Բրիտանական թանգարանի հետ հարաբերությունները խզելու մասին Իրանի հայտարարությունը, սակայն սեպտեմբերին Մեծ Բրիտանիան փաստաթուղթն ուղարկեց Իրան, և սկանդալը հարթվեց։

No comments: