Monday, April 4, 2011

Այսօր Դինքի «անչափահաս» մարդասպանի գործով երկրորդ դատական լսումներն էին

HayNews.am. 4-4-2011- Այսօր կայացել է պոլսահայ հասարակական գործիչ, լրագրող Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի գործով երկրորդ դատական նիստը Ստամբուլի Անչափահասների գործերով դատարանում, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Սամասթը դատարան է բերվել խիստ հսկողության տակ: Երեկվանից անվտանգության լուրջ միջոցառումներ են իրականացվել նաև դատարանի շրջակայքում: Դատավարության ժամանակ մեծ թվով ոստիկաններ են հսկել դատարանի շենքը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող դատարանը բավարարել էր Սամասթի փաստաբանի միջնորդությունը և նրա գործերը տեղափոխել էր Անչափահասների գործերով դատարան` հիմք ընդունելով այն, որ հանցագործության պահին Սամասթը եղել է անչափահաս:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:


No comments: