Tuesday, April 12, 2011

Գերմանահայ մանկագիրը արցախյան առասպելների հիման վրա մանկական արկածային վիպակ է գրել

Գերմանահայ մանկագիր Մարինա Լոոզեն Արցախի Ավետարանոց գյուղի առասպելներից հյուսել է մի ժամանակակից, մանկական արկածային վիպակ։ «Իսահակը և հին ամրոցի բավիղները» գրվել է Գերմանիայում ռուսերեն, սակայն հեղինակի որոշմամբ առաջինը հրատարակվել է հայերեն և բաժանվել հայ մանուկներին։ «Իմ մեծ ցանկությունն էր, որ այս գիրքը առաջինը կարդան հայ երեխաները, դրա համար մենք առաջինը հրատարակեցինք գրքի հայերեն թարգմանությունը, շատ կուզեի նաև, որ հայոց աշխարհի հրաշք անկյունի՝ Արցախի Ավետարանոց գյուղի մասին կարդան նաև ռուսերեն, անգլերեն և գերմաներեն»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց հեղինակը։
Համագործակցելով «Արևիկ» հրատարակչության հետ՝ Մարինա Լոոզեն իր անձնական միջոցներով լույս է ընծայել գրքի առաջին 500 օրինակը։ Այս պատկերազարդ գունագեղ հրատարակության մեծ մասն արդեն Հայաստանի մշակույթի նախարարության, Արցախի վարչապետի, Շուշիի քաղաքապետի, մանկական գրադարանների և դպրոցների միջոցով բաժանվել է հայ մանուկներին։
«Շատերն են Արցախին տարբեր նվերներ տանում՝ ոմանք գումար են տալիս, տուն կամ փողոց են կառուցում, իսկ ես կամեցա, որ մի առանձնահատուկ նվեր անեմ Արցախի մանուկներին՝ տամ նրանց մանկական մի գունեղ պատմություն»,- ասաց հեղինակը։
Գրքի հերոսը՝ վեցամյա Իսահակը, մի քիչ չարաճճի է, հետաքրքրասեր, աշխույժ ու խելացի։ Իր ավագ ընկերներն արդեն դպրոց են գնում, ու տղայի երևակայության մեջ ուսման՝ իր համար դեռ փակ աշխարհը պատկերվում է հեքիաթային խորհրդավորությամբ պարուրված։
Նա անտառ է փախչում, որ այնտեղ հանդիպի առասպելից իրեն հայտնի բարեգործ գեղեցկուհի Գայանեի ոգու հետ, ում մասին Ավետարանոցում պատմում են սերնդեսերունդ։ Իսկ հետո անցնում է ժամանակի անդունդի վրայով ու հայտնվում այն ժամանակաշրջանում, երբ Ավետարանոցը դեռ մելիքության կենտրոնն էր։ Արկածներով լի ճամփորդությանը զուգահեռ գրքում ներկայացվում է հին ժամանակների կենցաղավարությունն իր ամենագեղեցիկ ու հետաքրքիր ավանդույթներով։
«Ժամանակների պտույտի մեջ տղան հասկանում է, որ կապ չունի՝ եղել ես անցյալում, թե ոչ, բայց հնարավոր է ճամփորդել ժամանակի մեջ, գնալ անցյալ ու ապագա մեր տառերի օգնությամբ, քանի որ տառերն այն ոտնահետքերն են, որ մարդը թողնում է իր կյանքի ընթացքում»,- ասաց Մարինա Լոոզեն։
«Մեր օրերում հայերեն լեզվով արկածային ժանրի գրականություն հազվագյուտ է՝ և ընտրված տեղանքը, և կերպարները, և ավանդական ընտանիքի ու հեքիաթի զուգակցումը, իրոք, մի հրաշալի մանկական ձեռնարկ են դարձել, որ երեխաների համար շատ հետաքրքիր է»,- ասաց «Արևիկ» հրատարակչության փոխտնօրեն Սմբատ Գյուրջյանը։
Հեղինակը նշեց, որ եթե այս գիրքը ճանաչում ստանար Հայաստանում, իր համար ավելի հեշտ կլիներ այն ներկայացնել ամբողջ Եվրոպայում. «Երեխաները կարդում են, և իրենց դուր է գալիս, և առաջին հարցը, որ ինձ տալիս են՝ կլինի՞ շարունակությունը, ինձ ոգևորում է»։
Հեղինակը խոստանում է՝ շարունակությունը կլինի. «Ես արդեն սկսել եմ գրել, և այն լինելու է ավելի ուրախ, ավելի հետաքրքիր, ավելի օգտակար»։
Ըստ նրա՝ սա մանկական գիրք է, բայց մեծերին էլ այն լուրջ ուղերձ ունի. «Այստեղ կարևորվում է պապիկի և տատիկի կապը թոռնիկների հետ, քանի որ նրանցից գալիս է բավական մեծ օգտակար ինֆորմացիա և ջերմություն, որ ուրիշ ոչ մի կերպ մարդն իր կյանքում չի կարող ստանալ»,- ասաց գերմանահայ մանկագիրը։

No comments: