Tuesday, April 5, 2011

ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼԻ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԸ

«ԱԶԳ, 05-04-2011- Ապրիլի մեկին Արգենտինայի դաշնային դատախազ Նորբերտո Օժարպիտեն աննախադեպ վճիռ կայացրեց, ըստ որի `«Թուրքիայի կառավարությունը 1915-23-ին ցեղասպանության է ենթարկել հայ ժողովրդին»: Մոտ հարյուր էջից կազմված այս փաստաթղթում մանրամասն ներկայացված են հայկական պահանջատիրության հիմնավորումները, այս ուղղությամբ տարված եւ տարվող լայնածավալ աշխատանքները եւ «Լուիսա Հայրապետյան» ընկերակցության ու արգենտինահայ այլ կազմակերպությունների ներկայացրած փաստերը: Դատական սույն նիստում հայցվոր Կրեկորիո Հայրապետյանի ընտանիքը ավելի քան 120 ամիսների ընթացքում արգենտինական դատարանի կազմին ներկայացրեց Ցեղասպանության վերաբերյալ վկայություններ: Դատարանի վճիռը փաստորեն վերահաստատեց «այս դեպքերի իսկությունը», ավելին` հիմնավորեց, որ «պատմական հիշյալ ճշմարտությունը ամրագրված է արդի պետությունների պետական արխիվներում»:
Հետաքրքրական զուգադիպությամբ` նույն ապրիլի մեկին Արգենտինայի արդարադատության եւ մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալաքը հայազգի Պեդրո Մուրադյանին նշանակել է Արգենտինայի խտրականության դեմ քաղաքականության հետազոտման եւ դաստիարակման նոր համադրող, փոխքարտուղարի մակարդակով: Մուրադյանը այլատյացության եւ ցեղապաշտության դեմ պայքարի մասնագետի համարում ունի: Նախարարը նշանակման առիթով նշել է, որ. «Մուրադյանի նշանակումը այս ոլորտում առիթ կտա արգենտինական օրենքների զարգացմանը»: Իր հերթին` Մուրադյանը հայտնել է իր պատրաստակամությունը` «շարունակել հանրային քաղաքականությունն ընդդեմ խտրականության եւ վերահաստատել իր ունեցած հարգանքը մարդու իրավուքների նկատմամբ»:
Հատկանշական է, որ նույն օրերին Լոս Անջելեսում հայ համայնքի կազմակերպած` «Դեր Զորից մինչեւ Ծիծեռնակաբերդ» խորագրով կոնֆերանսին մասնակցած հայերի դահիճներից մեկի` Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, դիմելով մասնակից հայերին, ասել է. «Ձեզ Անատոլիայից բարեւներ եմ բերել: Մեր արմատները դեպի նույն հողերն են ձգվում: Ձեր ցավը գիտեմ, կիսում եմ: Ես եկել եմ այստեղ` ձեռքս հայ երիտասարդներին մեկնելու: Ցավերն ու տառապանքները իհարկե չեն մոռացվելու, սակայն չենք կարող թույլ տալ, որ դրանք փակեն դեպի հաշտություն տանող ճանապարհը», ասել է Ջեմալ փաշայի թոռը` ներկաներին հիշեցնելով, որ ինքը 3 տարի առաջ Երեւանում այցելել է Ծիծեռնակաբերդ եւ մեխակներ դրել հուշահամալիրում:

No comments: