Monday, April 4, 2011

Վաղը Թուրքիայում մի քանի տասնյակ հազար քուրդ փողոց դուրս կգա. Օջալանի ծննդյան օրն է

HayNews.am. 3-4-2011- «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ծննդյան նախօրյակին Թուրքիայում հազարավոր քրդեր փողոց են դուրս եկել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` արդեն նաև մի շարք բախումներ են գրանցվել քրդերի և ոստիկանների միջև:
Օջալանի ծննդավայրում` Ուրֆա նահանգում մի քանի տասնյակ հազար քուրդ է փողոց դուրս եկել: Վերջիններս Ուրֆայի Հալֆեթի քաղաքի փողոցներում փակցրել են PKK-ի դրոշներ, Օջալանի պատկերներով պաստառներ: Հալֆեթի են ժամանել նաև Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավորներ: Սպասվում է, որ վաղը նրանց կմիանան ևս մի քանի տասնյակ հազար քրդեր:
Օջալանի 62-րդ տարեդարձը տոնելու կապակցությամբ շատ քրդեր նաև հասցրել են վրաններ պատրաստել` գիշերելու համար: Սպասվում է, որ Հալֆեթի շրջկենտրոնում հավաքված քրդերը երթով կգնան Օմերլի գյուղ, որտեղ էլ ծնվել է Օջալանը:
Թուրքական ոստիկանությունն ու բանակը բերվել են ամենաբարձր պատրաստության աստիճանի: Քրդաբնակ քաղաքներում ոստիկանների թիվը հասնում է մի քանի հազարի: Միայն Ուրֆայում նրանց թիվն անցնում է 6 հազարը:
Աբդուլլահ Օջալանը, ով քրդերի շրջանում հայտնի է նաև Ափո անունով, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիրն է և առաջնորդը: Մարքսիստական գաղափարների կողմնակից է: Քրդստանի անկախության, ավելի ուշ քուրդ ժողովրդի իրավունքների ընդլայնման համար Թուրքիայի դեմ մոտ 40-ամյա պայքար մղող Օջալանը 1999 թվականին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Վերջինս իր պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզում գտնվող բանտում: Օջալանը, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», 40 անուն գրքերի հեղինակ է: Թուրքիայում 80-90-ական թթ.-ին տեկեղություններ էին շրջանառվում, որ Օջալանն ազգությամբ հայ է, սակայն այդ բամբասանքները որևէ հաստատում չգտան:

No comments: