Monday, April 4, 2011

ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը հնարավոր է դառնա Սամանթա Փաուերը, ով Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակ է

News.am. 4-4-2011- New York Times-ում ԱՄՆ նախագահ Օբամայի օգնական Սամանթա Փաուերի մասին գովասանական հոդվածը բազմապատկել է այն լուրերը, թե նա կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ պետքարտուղարը կամ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, գրում է ամերիկյան Irish Central կայքը:
Փաուերը Հիլարի Քլինթոնի հետ միասին եղել է Լիբիայի նկատմամբ քաղաքականության ճարտարապետը եւ Սպիտակ տանը հեղինակություն է վայելում:
Նշվում է, որ նախագահ Օբամայի առաջին ժամկետի ավարտից հետո, երբ Հ. Քլինթոնը հեռանա, Փաուերը դառնում է պետքարտուղարի իրական թեկնածու, եթե Օբաման ընտրվի երկրորդ անգամ:
«Սպիտակ տանը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում նրա ձայնը լսելի է»,– New York Times-ին ասել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը` ավելացնելով, որ «նա ազդեցություն ունի Օբամայի վրա»:

Նշենք, որ Փաուերը 2002թ. Պուլիտցերյան մրցանակ է ստացել ցեղասպանությունների մասին պատմող «Խնդիր դժոխքից» գրքի համար, որտեղ դիտարկվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության արձագանքը ցեղասպանությունների նկատմամբ:

Գրքում համոզմունք է հայտնվում, որ հայերի, հրեաների, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ պետական իշխանությունները աչք են փակել, իսկ առանձին անձինք որոշել են չմիջամտել: «Ամենատարածված պատասխանը` «մենք չգիտեինք»-ն է, ինչը ճիշտ չէ»,-գրել է Փաուերը:

No comments: