Friday, April 29, 2011

ԿԻՍԱԲԱՑ ԴՌԱՆ ՃՌՌՈՑԸ

«Լրագիր» 29-4-2011- Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքի ամենահատկանշական դրվագը թերեւս այն էր, երբ հանրահավաքից հետո տեղի ունեցած երթի ավարտին, Կոնգրեսի լիդերները ստիպված եղան մի խումբ համակիրների բավական ջանադրաբար բացատրել, թե ինչու է պետք սպասել մինչեւ մայիսի 31-ը, որը հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օր: Կոնգրեսի մի խումբ համակիրների ու ակտիվիստների համար անընդունելի էր այդ սպասումը, եւ նրանք նստացույց էին պահանջում Ազատության հրապարակում: Կոնգրեսի լիդերներին հարկ եղավ բավական երկար բացատրություն տալ, թե ինչու է պետք սպասել մինչեւ մայիսի 31-ը:

Կոնգրեսի ակտիվիստների ու համակիրների այդ խմբի մոտ դրսեւորված անհամաձայնությունը թերեւս շատ էական է: Եվ այստեղ դժվար է այդ ամենը վերագրել “երրորդ ուժի”, “ականների” կամ ասել, թե “մենք պայքարում ենք, իսկ դուք միայն բողոքում եւ քննադատում մեզ”: Թեեւ, իհարկե կարելի է նաեւ վերագրել: Բայց չէ որ ապրիլի 28-ին Կոնգրեսի մարտավարության դեմ բողոքողները մարդիկ էին, որոնք միշտ եղել են պայքարի մեջ, որոնք Կոնգրեսի ակտիվ հետեւորդ են, նույնիսկ առաջամարտիկ: Հարցն այստեղ նրանց մտածողության եւ պատկերացումների իրավացի լինել-չլինելը չէ, այլ անջրպետի առկայությունը, որ կարող է առաջանալ Կոնգրեսի ղեկավարության գործողությունների եւ նրա համակիրների պատկերացումների ու սպասումների միջեւ:

Ենթադրենք, որ ղեկավարության մարտավարությունը միանգամայն իրավացի է եւ արդյունավետ: Բայց եթե այդ մարտավարությունը սկսում է չընկալվել անգամ համակիրների եւ ակտիվիստների մոտ, թեկուզ ոչ բոլորի, թեկուզ մի մասի, թեկուզ մի փոքր մասի մոտ, ուրեմն կա խնդիր, եւ լուրջ խնդիր, որի մասին Կոնգրեսի ռազմավարները երեւի թե պետք է մտածեն: Նրանք պետք է որ նկատած լինեին, որ երբ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հայտարարվեց երթի մասին, Ազատության հրապարակ եկած քաղաքացիների մի մեծ մաս պարզապես թողեց ու հեռացավ հրապարակից, ավելորդ համարելով մասնակցել երթին, եթե դրանից հետո ամեն ինչ ավարտվելու էր եւ սկսելու էր ընդամենը մայիսի 31-ի սպասումը: Էլ ինչու ավելորդ հոգնել երթում, եթե ռազմավարական տեսանկյունից ավելի նպատակահարմար է ուժերը խնայել մայիսի 31-ի համար: Գուցե այդպես մտածեցին այն բազմաթիվ մարդիկ, որոնք չգնացին երթին, ինչը թերեւս Տեր-Պետրոսյանի ելույթին եւ Կոնգրեսի մարտավարությանը տված նրանց գնահատականն էր:

Չնկատել այդ գնահատականը, համարել, թե մարդկանց համոզեցինք նստացույց չանել եւ ուրեմն ամեն ինչ գնում է իր հունով, նշանակում է թերեւս թույլ տալ ռազմավարական սխալ: Բանն ամենեւին նստացույցը չէ, այլ լսարանի, հասարակության հետ հարաբերության հասկացվածության մակարդակը, որը կարծես թե նվազում է զգալիորեն, եթե արդեն բավական զգալի է դառնում հանրության տարակուսանքը եւ հիասթափությունը: Ուրեմն Կոնգրեսի ղեկավարությունը հասարակությանն ինչ որ բան լավ չի բացատրում, ինչ որ բան լիարժեք չի բացատրում, ուրեմն հասարակության բավական տեսանելի մասն ունի հարցեր, որոնք համարժեք պատասխան չեն ստանում:

Կարելի է իհարկե համարել, որ տարակուսողները, հիասթափվողները եւ դժգոհները շատ փոքր մաս են կազմում, իսկ մեծ մասը շարունակում է հավատալ ու վստահել: Կարելի է: Բայց, ապրիլի 28-ի հանրահավաքը ցույց տվեց, որ այդ մոտեցումը խնդիրը կարող է խորացնել: Թե ապրիլի 8-ին են հիասթափվողներ կամ տարակուսողներ եղել, թե մարտի 17-ին, գուցե նաեւ մարտի 1-ին: Բայց, ապրիլի 28-ին այդ երեւույթը բավական տեսանելի էր, ու այն չնկատելու տալը էլ ավելի է խորացնելու այն: Հետեւաբար, դրանից խուսափելու եւ խնդիրը հաղթահարելու համար պետք է թերեւս ոչ թե աշխատել ”վստահեք” եւ “հավատացեք” բառերի արտաբերման շեշտադրումների, տոնայնության, հնչերանգների վրա, այլ մտածել մարտավարության կապակցությամբ հասարակությանը տրվող բացատրություններն ամբողջացնելու, իշխանության հետ սկսած գործընթացի տրամաբանությունը եւ օրակարգը, կամ այսպես ասած գործընթացի առարկան հանրության համար առավել մատչելի դարձնելու ուղղությամբ:

Այլապես, երկխոսության դուռը երբ կիսաբացից դառնա բաց, ընդդիմության լիդերները մեկ էլ կարող են տեսնել, որ այդ դռնով իրենց հետեւից մտնող հանրություն արդեն գրեթե չկա: Իսկ այդ դեպքում իշխանությունը նրանց ներս հրավիրելու փոխարեն կարող է պարզապես դուռը շրխկացնել նրանց երեսին: Թեեւ, չի բացառվում նաեւ, որ իշխանությունը խնդրած լինի, որ հնարավորինս քիչ մարդ բերեն “խնջույքին”, քանի որ տեղերը սահմանափակ են: Լինում է չէ այդպես, երբ ասենք աղջկա կողմը տղայի կողմին խնդրում է քչով գալ խնամախոս, որովհետեւ տունը փոքր է, տեղ շատ չկա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: