Friday, April 29, 2011

Ալիևն իր «աջ ձեռքին» զոհաբերում է

Panorama.am. 29-4-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաչ է քաշել իր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի «հակահեղափոխական մարտավարության» վրա: Նա նույնիսկ միջազգային կազմակերպություններին խնդրել է, որպեսզի վերջիններս չմտածեն, թե ընդդիմության և միջազգային կազմակերպությունների դեմ մինչ այժմ իրագործված այդ արշավը իշխանության ամբողջական դիրքորոշումն է եղել: Այս մասին «Ազադլիգ» թերթին հայտնել է ներիշխանական աղբյուրը:
Ռ. Մեհտիևի «հակահեղափոխական» մարտավարությունն իրենից ներկայացնում էր խորհրդային ժամանակներին հատուկ` ընդդիմության դեմ «աշխատավորական ակցիաներ» անցկացնելու և միջազգային կազմակերպություններին շանտաժի ենթարկելու ծրագիր:
Սակայն «ակադեմիկոսի» մարտավարությունը բարեբեր արդյունք չտվեց: Հակառակը, ընդդիմության դեմ արշավը հասարակության մեջ իշխանության նկատմամբ ատելության զգացմունք արթնացրեց: Միջազգային կազմակերպությունների դեմ շանտաժն էլ պատճառ դարձավ հասարակության հուսալքված մասի ակտիվացման համար: Այդ պատճառով էլ իշխանությունը որոշեց փոխել մարտավարությունը և հակահեղափոխական գործողությունների նոր` համեմատաբար փափուկ ծրագիր մշակել:
«Աղբյուրի խոսքով, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ իրենց դեմ իրականացվող շանտաժի համար բացահայտ բողոք են հայտնել նրան: Հարցի քննարկման ժամանակ իշխանության տարբեր խմբեր ևս պետության ղեկավարի ուշադրությունը հրավիրել են նման արշավի` հակառակ արդյունք տալու փաստին: Դրանից հետո Ալիևը դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ պատասխանատվությունը գցել է նախագահի աշխատակազմի ղեկավարի վրա: Ալիևի այդ քայլը կարելի է գնահատել որպես Ռամիզ Մեհտիևին զոհաբերելու սկիզբ»,-գրում է թերթը:

No comments: