Tuesday, April 5, 2011

«ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ»

Հայտարարել է Դավութօղլունՙ պատասխանելով CNN-Turk-ի հարցերին

«ԱԶԳ, 05-04-2011- Մարտի 26-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով «Անկարայի կուլիսը» ծրագրին, պատասխանել է CNN-Turk-ի հարցերին: Հարցազրույցի բովանդակությունը ապրիլի 3-ին հրապարակեց Նյու Յորքի «Թուրքական» կայքէջը: Դրա գլխավոր թեման հայկական սփյուռքն է, որտեղ արծարծվում են նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրները:
Ըստ կայքէջի, արտգործնախարար Դավութօղլուն հայկական սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն է հայտնել եւ ասել է, որ Թուրքիան այդ նպատակով ձգտում է շփումների մեջ մտնել սփյուռքի հետ: Նա նշել է. «Ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի ու հայկական սփյուռքի հետ: Դրա համար էլ մենք չպետք է նույն կատեգորիայի մեջ դնենք բոլոր հայերին եւ դիտարկենք նրանց իբրեւ հարցերին միակողմանի մոտեցում ցուցաբերող մեկ ընդհանուր միավոր: Գուցե մեր առջեւ բացվի հաշտեցման ավելի արմատական մի ժամանակահատված»:

Դավութօղլուն այնուհետեւ ասել է, որ հարցն ունի հոգեբանական, իրավագիտական, քաղաքական, պատմական, միջազգային իրավունքի եւ արձանագրության ասպեկտներ, եթե թուրքերն ու հայերը ձգտում են իրական հաշտեցման նոր փուլի սկզբնավորմանը, ապա պարտավոր են հաղթահարել թվարկված արգելքները: Այնուհետեւ նա շարունակել է. «Նրանք շուրջ 10 դար համատեղ են գոյակցել, որը ձգում է մինչեւ Մանազկերտի (1071 թվի) ճակատամարտը: Մինչեւ 20-րդ դարի սկզբները փոխհարաբերությունները եղել են վերին աստիճանի հաշտ ու խաղաղ: Որքան էլ իրավաբանական եւ քաղաքական միջոցառումներ ձեռնարկենք, կարեւորը հոգեբանական արգելքների հաղթահարումն է»:

ԱՄՆ-ի հայ համայնքի հետ հարաբերությունները գնահատելով Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի շրջանակում կատարված նոր քայլ, Դավութօղլուն ավելացրել է. «Մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել հասկանալու համար, թե ինչեր են ապրել հայերը եւ ինչ են զգում, սակայն նրանք էլ պետք է հարգանքով մոտենան մեր հիշողություններին»: Նա միաժամանակ ընդգծել է միակողմանի պատմական հիշողություն ստեղծելու անհնարինությունը եւ հարցին արդար մոտենալու կոչ է արել հայերին: Ըստ նրա այն, ինչ հայերի համար «տեղահանություն» է նշանակում, թուրքերի համար «Դարդանել է եւ Սարիղամիշ», կայսրության անկման փուլում ողբերգությունները յուրահատուկ են եղել բոլոր ռազմաճակատներին, եւ վիշտ են ապրել էթնիկ բոլոր տարրերը, այլ ոչ միայն հայերը:

Վերջում Դավութօղլուն վերստին խոսել է ոչ միայն Հայաստանի, այլեւ հայկական սփյուռքի խելահաս մարդկանց հետ շփումներ հաստատելու Թուրքիայի ձգտումների մասին, եզրակացնելով. «Եթե դա տեղի չունենա, փոխարենը առաջին պլան դուրս գան սփյուռքի այն հատվածները, որոնք օգտվում են ստատուս քվոյի պահպանումից եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների սառեցումից, ինչ խոսք, դժվար կլինի հաշտության ապահովումը: Մենք հիմա ամենայն համբերությամբ, առանց զայրանալու, տեր կանգնելով ազգային արժանապատվությանը, նաեւ հարգանք ակնկալելով մեր վշտերի նկատմամբ, առանց հանդուրժելու պատմության մասին տարրական գիտելիքներից զուրկ հանձնաժողովի (ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի) անդամների մոտեցումները, որոնք մի քանի լոբբիների աջակցությունը վայելելու նկատառումով այս կամ այն կերպ են քվեարկում (նկատի ունի ցեղասպանության բանաձեւը), պետք է սպասենք»:

Դավութօղլուի խոսքերից մեկ անգամ եւս ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի խնդիրը ոչ այնքան Հայաստանի հետ հաշտությունն է, որքան հաշտեցման պատրաստակամությամբ ցեղասպանության բանաձեւերի չեզոքացումը: Ըստ երեւույթին, հենց այդ նպատակով էլ ստորագրվել էին հայ-թուրքական արձանագրությունները: Քանի որ դրանց վավերացման համար առաջադրված թուրքական նախապայմանները բախվել են ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի հակազդեցությանը, ուստի Թուրքիան, այսպես կոչված, Հայաստանի հետ հաշտեցման պատրաստակամությունը համադրում է հայերի նկատմամբ «բարյացակամությամբ», որպեսզի սփյուռքահայության գոնե որոշակի հատվածի դարձնի ցեղասպանության բանաձեւերի չեզոքացման գործիք:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: