Monday, April 4, 2011

Ջեմալ փաշայի թոռն ասել է «ցեղասպանություն» բառը. Ես կիսում եմ հայերի վիշտը

News.am. 4-4-2011- Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը` Milliyet-ի թղթակից Հասան Ջեմալը մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական Սփյուքի կողմից կազմակերպված «Դեր Զորից մինչեւ Ծիծեռնակաբերդ» անունը կրող կոնֆերանսին:
Ամբիոնի մոտ նստած են եղել ամերիկահայ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի թոռը` Պամելա Սթեյները:
Հասան Ջեմալն իր տպավորություններըն այդ կոնֆերանսի վերաբերյալ ներկայացրել է Milliyet-ում` հրապարակումը վերնագրելով` «Ի՞նչ է ասելու Ջեմալ փաշայի թոռը»: Հասան Ջեմալը նշում է, թե սրահ մտնելուց իր ականջին հասել է, թե ինչպես մի մասնակից հարցրել է, թե ինչո՞ւ են հրավիրել իրենց պապերին կոտորողի թոռանը:
«Ինձ համար հաճելի երեկո չի լինելու այստեղ, բայց պետք է ասեմ, որ Անատոլիայից ձեզ բարեւներ եմ բերել: Մեր արմատները դեպի նույն հողերն են ձգվում: Ձեր ցավը գիտեմ, կիսում եմ: Ես եկել եմ այստեղ ձեռքս հայ երիտասարդներին մեկնելու համար: Ցավերն, իհարկե, չեն մոռացվելու: Սակայն չենք կարող թույլ տալ, որ ցավերն ու տառապանքը փակեն դեպի հաշտություն գնացող ճանապարհները»,-նշել է Հասան Ջեմալը:
Milliyet-ի թղթակիցը նշել է, որ իր ելույթի ժամանակ մի քանի անգամ ասել է Ցեղասպանություն բառը, որին արձագանքել է մասնակիցներից մեկը` հարցնելով, թե չի՞ վախենում, որ արտասանում է այդ բառը: «Ես նրան ցույց տվեցի կոնֆերանսի բրոշյուրը, որի վրա ես է պատկերված` 3 տարի առաջ Երեւանում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ մեխակներ դնելուց»,-գրել է իր հրապարակման մեջ Հասան Ջեմալը:
Նշենք, որ Հասան Ջեմալը 2008-ի սեպտեմբերին այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել: Նա 2010-ի ապրիլի 24-ին գրել էր, թե հարյուրհազարավոր հայերի կոտորածը ժխտելը նշանակում է հանցակից դառնալ մարդկության դեմ իրագործված ոճրագործությանը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 3 գլխավոր կազմակերպիչներից Ջեմալ փաշան սպանվել է 1922-ի հուլիսի 25-ին Թիֆլիսի կենտրոնական փողոցներից մեկում: Շահան Նաթալիի ցուցումով սպանությունը իրականացրել են Ստեփան Ծաղիկյանն ու Պետրոս Պողոսյանը:

No comments: