«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «խիստ պարտվողական» է գնահատում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ապրիլի 8-ի հանրահավաքում։ «Որպես ընդդիմադիր ամենամեծ բևեռի առաջնորդի ելույթ` այն գնահատում եմ որպես խիստ պարտվողական»,- ասել է Սեֆիլյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ինչպես նաև իրեն ուղղված «մեր պատասխանը Չեմբեռլենին» արտահայտությանը։«Իմ վերջին` մարտի 30-ի ասուլիսի նախօրյակին Լևոն Զուրաբյանը բարձրաձայնել էր, որ մինչև ապրիլի 8–ը իրենք պատրաստ են լսել ցանկացած առաջարկություն ՀԱԿ-ի գործունեության կամ գործողությունների վերաբերյալ: Իմ առաջարկության փաթեթը եղել է հենց այդ տրամաբանության համատեքստում և Տեր-Պետրոսյանի հիշատակած միտքը եղել է ընդամենը մեկ առանձնացված կետ այդ փաթեթից»,- նշել է Սեֆիլյանը և հավելել. «Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես հանրահավաքների ժամանակ բեմահարթակից տարբեր գործիչներ, ներառյալ Տեր-Պետրոսյանը, ժողովրդի կողմից ինքնաբուխ հնչեցված «ՀԻՄԱ» բացականչությունների նկատմամբ կիրառել են ճնշում և լռեցնելու փորձեր, որոնք պսակվել են հաջողությամբ:
Կարծում եմ «Լևոն Նախագահ» «ինքնաբուխ» բացականչությունը ևս հանգիստ կարելի էր լռեցնել հենց Տեր-Պետրոսյանի կողմից, խնդրելով ժողովրդին, որ մինչև այն ժամանակը, երբ չի վերացել բռնապետությունը՝ հանուն դիմադրական ընդհանուր գործին ավելի լայն զանգվածների համախմբման ու ներգրավման, լավ կլինի չհնչեցնել այս կարգախոսը: Առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ի սկզբանե համաժողովրդական շարժմանն աջակցող ժողովրդի հետ ուներ պայմանավորվածություն, որ վերջինս իրեն օգտագործի որպես ավազակապետության կազմաքանդման «ԳՈՐԾԻՔ»»։
Ըստ նրա՝ իշխող ռեժիմին ուղղված պարտվողական դիմումների փոխարեն, շատ ավելի լավ կլիներ, որ ենթատեքստ ունեցող ուղերձներ ուղղվեին «չգիտես ինչու արդեն մոռացված «թաթար–մոնղոլական ավազակապետության» պարագլուխներին», և ոչ թե գործընկերներին, որոնք «պայքարել և պայքարելու են այս ռեժիմից օր առաջ ազատվելու համար»։
«Բռնապետության դեմ պայքարի ներկա փուլում ինձ համար անընդունելի է ընդդիմադիր գործիչների կողմից իրար նկատմամբ հրապարակային որևէ հեգնանք, առավել ևս անհանդուրժողականության ցանկացած դրսևորում։ Եվ բոլորովին այլ բան է հրապարակայնորեն բանավիճել քաղաքական, գաղափարական ու մարտավարական հարթություններում»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment