Monday, April 11, 2011

ՀԱԿ-ի և իշխանության միջև որոշակի պայմանավորվածություն կա. «Ժառանգության» փոխնախագահ

Tert.am. 11-4-2011- Քաղաքական առումով՝ ՀԱԿ-ի և իշխանության միջև արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ որոշակի պայմանավորվածություն կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Որպես քաղաքագետ՝ ես համոզված եմ, որ արտահերթ ընտրությունների անցկացումը շահեկան է և´ ՀԱԿ-ի, և´ իշխանությունների համար»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ «եթե լինեն հերթական ընտրություններ՝ ՀԱԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը»: Ինչ վերաբերում է իշխանությանը, Հակոբյանը նշեց, որ ՀՀԿ-ին ևս արտահերթ ընտրությունները ձեռնտու են, քանի որ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ՀՀԿ-ն ապահովել է իր դոմինանտությունը: «Այս իրավիճակը ձեռնտու է երկուսին»,- նշեց նա:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ քաղաքական դաշտը լուրջ վերաձևումների շեմին է, սպասվում են նոր վերադասավորումներ, ինչի սկիզբը դարձավ ՀԱԿ-ի՝ մարտի 17-ի հանրահավաքը: «Այդ հանրահավաքից հետո պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսություն կա, քանի որ ՀԱԿ-ի ներկայացրած պահանջները կատարման գործընթացում են»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ի ներկայացրած երեք պահանջներից երկուսն էլ կատարման ընթացքի ավարտին են: [ՀԱԿ-ը իշխանություններից պահանջում է «քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքների իրականացման իրավունքի վերականգնում և 2008թ. մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության ենթարկել»]:

«Մի քիչ լուրջ է ՀԱԿ-ի ներկայացրած երրորդ պահանջի կատարման հարցը: Ես կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունն ինչ-որ չափով կիրականացվի, և այստեղ հիմնականում պատասխանատվության պետք է ենթարկվեն ներքին գործերի համակարգի միջինից մի քիչ բարձր պաշտոնյաներ, ինչ-որ չափով պատասխանատվության կենթարկվեն գործարարների անվտանգության աշխատակիցներ: Մի բան հստակ է, որ թե´ Լևոն Տեր-Պետրոսյանից, թե´ Սերժ Սարգսյանից կշրջանցվի պատասխանատվությունը»,- հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահը:

«Իշխանոթյան և ՀԱԿ-ի երկխոսության երաշխավորը կարող են լինել միջազգային ուժերը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

No comments: