Monday, April 25, 2011

ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Tert.am. 25-4-2011- Երկու կազմակերպություն` Սյունյաց արծիվներ եւ Հայդուկ, հայտարարել են, որ գործում են Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ միշտ լինելու են նրա կողքին: Սյունյաց արծիվները կարելի է համարել ռազմականացված կառույց. Այս կազմակերպությունը վերջերս հայտարարել է, թե իր անդամները շրջում են զորամասերով եւ անցնում են կրակային պատրաստություն: Ըստ ամենայնի, նույն ճանապարհով կգնա նաեւ Հայդուկը:
Սյունյաց արծիվները հայտարարում է 20 հազար անդամների առկայության, Հայդուկը` 30 հազարի մասին: Միասին` 50 հազար:
Այս պարագայում ծագում է մի քանի հարց. Նախ, Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք 50 հազարանոց ռազմականացված կամ կիսառազմականացված կառույցը, եթե երկրում կան Զինված ուժեր, եւ երկրորդ, ո՞ւմ դեմ է գործելու նման կառույցը:
Այն, որ ինչ որ մեկի դեմ պետք է գործի` կասկած չկա, քանի որ, նախ, Հայաստանում երբեւէ որեւէ բան չի ստեղծվել հանուն նպատակով, եւ երկրորդ, դժվար թե այս կառույցը գործի արտաքին ճակատում, քանի որ դրա համար կա բանակ, կան հատուկ ծառայություններ: Մնում է, որ այս կառույցը գործի երկրի ներսում:
Արդյոք ընդդիմության դեմ: Այս տարբերակը բացառվում է, քանի որ ընդդիմության դեմ օգտագործվում է ոստիկանությունը, իրավապահ մյուս կառույցները, հեռուստատեսությունը, երբեմն էլ` բանակը:

Արդյոք հասարակության դեմ: Այս տարբերակն էլ է բացառվում, որովհետեւ հասարակության դեմ էլ օգտագործվում են այն նույն կառույցները, ինչ որ ընդդիմության դեմ:

Ընդդիմության ու հասարակության դեմ այս կառույցներն օգտագործելու պարագայում ակնհայտ է լինելու, որ դա արվում է Սերժ Սարգսյանի “բարձր հովանու” ներքո:

Այդ դեպքում, ո՞ւմ դեմ, ումի՞ց է զգուշանում Սերժ Սարգսյանը:

Պատասխանը թերեւս մեկն է` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ձեւավորված օլիգարխիկ համակարգից: Ինչպես հայտնի է, վերջինս ունի լավ զինված ու պատրաստություն անցած միավորումներ, որոնք բազմիցս օգտագործվել են թե ներքին ռազբորկաների ժամանակ, թե ընտրական շրջանում, ժողովրդի դեմ: Բացի այդ, հենց այս համակարգի դեմ Սերժ Սարգսյանը չի կարող օգտագործել իրավապահներին ու հեռուստատեսությունը, քանի որ թե մեկը, եւ թե մյուսը մեծամասամբ գտնվում է համակարգի ձեռքին:

Կարծես թե համակարգի համար սկսում են դժվար ժամանակներ: Սերժ Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել իր նախագահության երեք տարիների ընթացքում լուծել որեւէ խնդիր երկրում, այդ թվում նաեւ համակարգի “հավասարակշռության” խնդիրը:

Ներկայում, թե ներքին, թե արտաքին գործոնների ճնշման ներքո ստեղծվել է մի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը կամ պետք է հեռանա, կամ լուծի համակարգի խնդիրը: Երրորդ ճանապարհ Սերժ Սարգսյանը չունի, կամ այսպես ձեւակերպենք` նրան թույլ չեն տա երրորդ ճանապարհով գնալ:

Իրավիճակն այս առումով լուրջ է եւ միանշանակ: Պատահական չէ, որ սեղմվում է օղակը հայաստանյան օլիգարխիայի պարանոցին, կրկին առաջնահերթ խնդիր է դարձել 2008-ի մարտի 1-2-ի սպանությունների հարցը: Իրավիճակի մյուս նրբությունն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը չի կարող այս ամենը վերածել իմիտացիայի` այդ ժամանակներն անցել են:

Իր հերթին, կարծել, թե համակարգը հենց այնպես կհանձնվի`միամտություն կլինի, քանի որ հանձնվելը նշանակում է ընդունել խաղի այլ կանոններ, որոնք բոլոր դեպքերում “մահացու են” նրա համար` սկսած բիզնեսից, վերջացրած քաղաքական գործընթացներով:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Հայդուկի մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում համակարգի զանազան ներկայացուցիչների հետ:

Եւ ահա, այս պայմաններում կարծես թե պարզ է դառնում, թե Սերժ Սարգսյանի ինչին են պետք 50 հազար հայտարարված զինված մարդիկ:

ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: