Tert.am. 11-4-2011- Այսօր մեկնարկած խորհրդարանական քառօրյային ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրրոսյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին. «Ինչպե՞ս կարելի է անել, որ մեր ոստիկանությունը եվրոպական երկրների ոստիկանության նման քաղաքակիրթ լինի՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցող»: Պատգամավորը նախարարին հարցն ուղղեց այն ժամանակ, երբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե ոստիկանության որակը բարձրացնելու համար այժմ տեղի են ունենում բարեփոխումներ: «Պետք է հուսալ, որ այս բարեփոխումները, այս քայլերի ամբողջությունը իր արդյունքը պիտի տա, և մենք առաջիկայում եվրոպական երկրների օրինակով պիտի ունենանք այն ոստիկանությունը, որից ոչ թե վախենում են, որից ոչ թե փախչում են, այլ դա այն ոստիկանությունն է, որն առաջին հերթին կոչված է պաշտպանելու մարդկանց իրավունքներն ու ազատությունները»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Պատգամավորները նախարարին մի շարք հարցեր ուղղեցին՝ կապված հավաքների կազմակերպման, թույլտվության, վայրի ընտրության, հավաքների ազատությունների սահմանափակման մասին:
Հիշեցնենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծով միմյանցից տարանջատվել են քաղաքական բնույթի հավաքները այլ՝ օրինակ մշակութային միջոցառումներից: Օրինագծով ներմուծվել է մի ինստիտուտ, որով հնարավոր է պահանջներ առաջադրել: Ըստ այդ նորամուծության՝ հավաքի իրազեկման մեջ նշված պայմաններից կարող են նաև շեղումներ լինել, և իրազեկում ներկայացնողն ու լիազոր մարմինը կարող են բանակցել միջոցառման անցկացման վայրի, ժամի և այլ կետերի շուրջ:
Նախագիծը սահմանում է նաև այն դեպքերը, երբ սահմանափակվում է հավաքի իրավունքը: Ըստ այդմ, եթե հանրային շահ գոյություն ունի և այլոց սահմանադրորեն ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանություն գոյություն ունի, ապա հավաքի իրավունքը կարող է սահմանափակվել: Ընդ որում` սահմանափակում իրականացնում է իրազեկումը քննարկման փուլում որոշող լիազոր մարմինը կամ հավաքի անցկացման փուլում` ոստիկանությունը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment