Saturday, May 7, 2011

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՃԻՇՏ ՔԱՐՏԵԶԸ

«ԱԶԳ», 07-05-2011- Շատերը հեռուստացույցով տարբեր ալիքներով եղանակի տեսություն դիտելիս նկատած կլինենՙ եթերի ընթացքում ցուցադրվող քարտեզները փոխվել են: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները սկսել են եղանակի տեսության ժամանակ եթեր հեռարձակել ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ քարտեզը: Մինչ այդ ցուցադրվում էր Սովետական Միության ժամանակ Ադրբեջանի կազմում գտնվող, այժմ գոյություն չունեցող ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) քարտեզը, որը չի ներառում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ազատագրած տարածքները:
««Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնությունն սկսել է գործել 2008 թվականից: Մի խումբ բլոգերներ եւ ուսանող-ակտիվիստներ որոշեցին պայքարելով հասնել նրան, որ հեռուստատեսությամբ ցուցադրվեն ԼՂՀ ճիշտ սահմաններով քարտեզներ», պատմում է նախաձեռնության համահեղինակ, բլոգեր Տիգրան Քոչարյանը (www.pigh.tv): Կազմավորվեց նախաձեռնող խումբ:
«Սկզբնական շրջանում կազմակերպեցինք մի ակցիա. նախաձեռնության անդամներով այցելեցինք եթերով սխալ քարտեզներ ցույց տվող հեռուստաընկերություններ, ԶԼՄ-ներ եւ իրենց նվիրեցինք ՀՀ եւ ԼՂՀ ճիշտ քարտեզը: Սակայն սխալ քարտեզները շարունակվում էին եթեր հեռարձակվելՙ հասարակության մեջ ստեղծելով իրականության խեղաթյուրված պատկեր: Սայլը տեղից շարժվեց այն ժամանակ, երբ ԱԼՄ հեռուստաընկերությունը սկսեց եղանակի տեսության ժամանակ ցույց տալ ճիշտ քարտեզը: Քարտեզների տարածման հարցում մեզ շատ աջակցեց նաեւ http://www.meteo-tv.am/ -նՙ կայքում տեղադրելուվ ճիշտ քարտեզը», պատմում է բլոգերը:
«Այսօր Հայաստանում միայն երկու հեռուստաընկերություն է մնացել («Հ2» եւ «Շողակաթ»), որ եղանակի տեսության ժամանակ ցույց են տալիս սխալ քարտեզը: Ինչ վերաբերում է կայքեր ունեցող տպագիր ԶԼՄ-ներին, ապա այնտեղ հիմնականում դրվում է ճիշտ քարտեզը», փաստում է Տիգրան Քոչարյանը:
«Սխալ քարտեզներ ցույց են տալիս ոչ միայն եղանակի տեսության ժամանակ, այլեւ օգտագործվում են գովազդային հոլովակներում», ասում է Տիգրան Քոչարյանը:
«Այսօր մեր հայրենակիցներից շատերն ուղղակի ծանոթ չեն Արցախում տիրող իրավիճակին, պատկերացում չունեն, թե որ տարածքն է ԼՂՀ կազմում, որ շրջաններն են վերահսկվում մեր կողմից եւ որն է այդ տարածքների ռազմավարական նշանակությունը:
«Հրադադարի պայմանագրի կնքումից 17 տարի անց անգամ շատերը դեռ մտածում են Հայկական ԽՍՀ ու ԼՂԻՄ ուրվագծերով: Ըստ իրենցՙ Քարվաճառում (ներկայիս Շահումյանի շրջանը), Քաշաթաղում եւ ազատագրված մյուս շրջաններում ապրող, տարածքը վերաբնակեցրած տասնյակհազարավոր մեր հայրենակիցներն ուղղակի գոյություն չունեն. այդ տարածքը պատկերվում է Ադրբեջանի կազմում»,- ասում է նախաձեռնության համահեղինակ, տեղեկատվական պատերազմների գծով մասնագետ Կարեն Վրթանեսյանը :
«Իրականությունից անտեղյակ մարդուն շատ հեշտ է խաբել, դրդել այնպիսի քայլերի, որոնք ի վնաս իրեն կլինեն: Իրականությունից կտրվելը դարձնում է մեզ խոցելի, առաջին հերթին ադրբեջանական ռազմատենչ քարոզչության համար: Եվ սա այն դեպքում, որ մեր ձեռքում եղած պաշտպանական ռեսուրսներից ամենակարեւորներից մեկը ռազմավարական կարեւորություն ունեցող դիրքեր ունենալն է, ինչին էլ նպաստում են ազատագրած հողերը: Սակայն մեզանում այս իրողությունը քչերն են գիտակցում եւ հասկանում: Այս ամենին նպաստում են նաեւ եթերով սխալ քարտեզ ցույց տվող ԶԼՄ-ները»,- ասում է Կարեն Վրթանեսյանը:
«Չգիտես ինչուՙ շատերի համար Սովետական Միության տարիներին ռուս եւ թուրք չինովնիկների քմահաճույքով գծված ԼՂԻՄ-ի քարտեզը այսօր ավելի հարազատ է, քան Արցախի Հանրապետության մայր օրենքովՙ սահմանադրությամբ հաստատված սահմանները, ու հարյուրավոր հայերի մահվան գնով ազատագրված տարածքը»,- ասում է նախաձեռնության անդամ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանը :
«Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնությանը նպաստելու համար Սեդրակ Մկրտչյանը ստեղծել է վեկտորային քարտեզների երկու կայք, որոնցից մեկը ներկայացնում է ՀՀ ու ԼՂՀ ճիշտ քարտեզը (http://www.map-armenia.com), իսկ մյուսըՙ Ադրբեջանի Հանրապետության ճիշտ քարտեզըՙ առանց ԼՂՀ-ի (http://www.map-azerbaijan.com):
«Որոշակի աշխատանք կատարված է, արդյունքը ակնհայտ է: Սակայն դեռ աշխատելու շատ տեղ ունենք: Կարեւոր է նաեւ արտասահմանյան կայքերում ճիշտ քարտեզների տարածումը, սակայն դրա մասին ներկայումս խոսելն անգամ անիմաստ է. նախ եւ առաջ մենք մեր երկրի ներսում պետք է սովորենք ճանաչել եւ ընդունել մեր երկրի, պետականության ճիշտ քարտեզը»,- ասում է Սեդրակ Մկրտչյանը:
«ՀՀ քարտեզագրության ինստիտուտը վաղուց արդեն անցել է ճիշտ, ազատագրված հողերը ներառող քարտեզներ տպագրելուն: Ինստիտուտ, որը պաշտոնական քարտեզների մատակարարն է Հայաստանում», հավելում է Սեդրակ Մկրտչյանը:
«Ուրախանալի եւ հուսադրող փաստերից մեկը այն է, որ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականից տպագրվող դասագրքերում այլեւս չենք տեսնի ՀՀ եւ ԼՂՀ սխալ քարտեզ», նշում է Տիգրան Քոչարյանը :
«Երբ որ անզեն աչքով անգամ նայում ես ճիշտ քարտեզին, տեսնում եսՙ ազատագրված տարածքները կպած են Հայաստանի Հանրապետության մարմնին: Պետք է այս բոլոր տարածքները սրբությամբ պահել, որովհետեւ դրանք ոչ միայն արյան գնով ազատագրված են, այլ նաեւ մեր անկախության եւ անվտանգության հիմքն են:
Այսօր Հայաստանի 44.000 քառ. կմ տարածքը շնչում է: Սա ամբողջական օրգանիզմ է, որ կարող է աշխատել եւ հարատեւել: Պետք է զարգացնել այդ օրգանիզմը ի նպաստ մեր հայրենիքի ապագայի եւ բարօրության», ասում է «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի նախագահ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը:
«Հիմնադրամի աշխատանքների բերումով եւ առհասարակ շատ հաճախ եմ լինում Արցախում, հատկապես Բերձորում (Լաչին), շփվում եմ տարածքը վերաբնակեցրած բնակչության հետ եւ կարող եմ փաստելՙ իրենք հավատում են որ ապրում են իրենց հայրենիքում, հայրենի հողի վրա, իսկ մեզանից շատերն անգամ այդ հայրենիքի ճիշտ քարտեզը չեն ճանաչում», ասում է պարոն Մելիքյանը:
ԼԻԼԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԵՊՀ ժուռնալիստիկայի 2-րդ կուրսի ուսանողուհի

No comments: