Monday, May 23, 2011

Դ. Ջամալյան. «Ռազմական դիվանագիտության» գինը

Panorama.am. 23-5-2011- Վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, այսպես կոչված, «ռազմական դիվանագիտության» ռազմավարություն որդեգրելու մասին: Այլ կերպ ասած, Բաքվում ցանկանում են տպավորություն ստեղծել, թե մեզ հետ խոսում են ուժի դիրքերից: Ըստ էության, պաշտոնական Բաքուն փորձարկում է հայաստանյան հանրության վրա ճնշում բանեցնելու հերթական մարտավարությունը: Վերջինիս էությունը կայանում է հայկական կողմին անընդմեջ կորուստներ պատճառելու մեջ: Այդ է պատճառը, որ այս նոր «ռազմական դիվանագիտության» առանցքային դերակատարները դիպուկահարներն են: Սակայն հարց է ծագում. Շահու՞մ է արդյոք Ադրբեջանն իր «ռազմական դիվանագիտությունից», թե` կորցնում: Այո, վերջին շրջանում մենք թշնամու դիպուկահար կրակից ցավալի կորուստներ ունեցանք: Սակայն ի՞նչ շահեց Ադրբեջանը»,- այս մասին Panorama.am-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նա հիշեցրեց, որ հենց ադրբեջանական աղբյուրների համաձայն, միայն անցյալ շաբաթ ադրբեջանական կողմը, տարբեր պատճառներով, կորցրել է 4 զինծառայող: Կորուստների այսպիսի տեմպի պահպանման դեպքում ո՞վ ավելի կճնշվի մեր, թե Ադրբեջանի հասարակությունը:
«Բազմիցս նշվել է, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները միշտ լռեցնում և լռեցնելու են նախահարձակ թշնամու կրակակետերը: Հենց այդպիսի լռեցման հետևանքով երկու օր առաջ հակառակորդը կորցրեց ևս մեկ զինծառայող: Արցախի Պաշտպանության Բանակը «ռազմական դիվանագիտությանը» հակադրում է «ռազմական հարկադրանքի» մարտավարությունը, որը վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասաց Դ. Ջամալյանը:

Նրա խոսքերով, ըստ էության «ռազմական դիվանագիտություն» ասվածը նոր բան չէ. ողջ անցյալ տարվա ընթացքում թշնամին իր «ուժային դիվանագիտությունը» փորձում էր իրացնել` օգտագործելով դիվերսիոն ստորաբաժանումների անընդհատ ներթափանցման մարտավարությունը:
«Սակայն համոզվելով, որ այդ ճանապարհով ինքն ավելի մեծ կորուստներ է տալիս, կարծես թե հրաժարվեց այդ մարտավարությունից: Ասվածը չի նշանակում, թե դիվերսիոն գործողությունները առաջիկայում բացառվելու են: Սակայն ակնհայտ է, որ «ռազմական հարկադրանքի» մարտավարությունը ստիպեց հակառակորդին հրաժարվել դիվերսիաների անընդհատության մարտավարությունից: Այսօր արդեն ակնհայտ է, որ «ռազմական դիվանագիտության» դիմաց ադրբեջանական հասարակությունը թանկ գին է վճարում: Հավանաբար, որպեսզի Բաքվում հրաժարվեն «ռազմական դիվանագիտության» դիպուկահարային մարտավարությունից հարկավոր է ևս մի քանի ադրբեջանցի դիպուկահարի կյանք»,- ընդգծեց փորձագետը:

No comments: