Wednesday, May 18, 2011

Սերժ Սարգսյանի ցուցակը

«Լրագիր» 18-5-2011- Ակնհայտ է, որ այն թիմ կոչվածը, կամ իշխանության կազմ կոչվածը, որ կա այժմ, իր գոյությամբ իսկ անլուրջ է դարձնում բարեփոխումների մասին ցանկացած ելույթ, որ հնչում է իշխանությունից:
Այդ կազմի փոփոխությունը, ընդ որում արմատական, շրջադարձային փոփոխությունը, իշխանության համար առաջնային հրամայականներից մեկն է: Եվ այդ առումով էական է դառնում, թե ինչպիսին է լինելու ՀՀԿ նախընտրական ցուցակը խորհրդարանի առաջիկա ընտրությանը:
Այդ ցուցակում դժվար է նշել մի անուն, որը համապատասխանի Սերժ Սարգսյանի, կամ ասենք Տիգրան Սարգսյանի բարենորոգչական բովանդակությամբ ելույթներին: Հետեւաբար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կազմը պետք է փոխել ամբողջությամբ, անգամ երիտասարդներին:

Որովհետեւ եթե երիտասարդ գործիչն իր քաղաքական գործունեության բուն իմաստը համարում է իր կուսակցական ղեկավարի եւ երկրի նախագահի գործողությունների փառաբանումը եւ արեւածագն ու մայրամուտն էլ նրա իմաստուն քաղաքականությամբ պայմանավորելը, ապա այդպիսի գործիչներով անհնար է ձեւավորել արդիական եւ մրցունակ կառավարող էլիտա:

Ավելորդ է խոսել ՀՀԿ խմբակցության այսպես ասած “ծերակույտի” մասին, որոնք համարվում են հին, երբեմն նույնիսկ գաղափարական հանրապետականներ: Նրանք վաղուց արդեն լիովին սպառված մի խումբ են, որ պիտանի չեն անգամ Սերժ Սարգսյանի իմաստնությունը փառաբանելուն:

Էլ ավելի անիմաստ է խոսել ՀՀԿ խմբակցության այսպես ասած կիսագործարար-կիսակրիմինալ հեղինակություն հանդիսացող կիսագրագետ կամ անգրագետ շերտի մասին, որոնց ներկայացուցիչները չեն ամաչում թաքցնել քաղաքականության մեջ խելքի բացակայությունը, չեն ամաչում խոստովանել, որ լինելով պատգամավոր, իրենք կազինո են այցելում, կամ ոչ մի բանից էլ չեն ամաչում, բայց ոչինչ էլ չեն խոստովանում, որովհետեւ մտքերը ձեւակերպելու դժվարություններ ունեն:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում չկա մի շերտ, որին հաջորդ խորհրդարանում պահելու հարցում Սերժ Սարգսյանին ասենք կարելի է գոնե մի քիչ մտորել: Սերժ Սարգսյանին թե իր քաղաքական շահը, թե նաեւ վերջին շրջանում ունեցած ելույթների արժեքային առանցքներն ուղղակի պարտավորեցնում են խորհրդարանի ընտրությանը տանել բոլորովին այլ ՀՀԿ, բոլորովին այլ ցուցակով, բոլորովին այլ դեմքերով եւ մտքերով:

Եթե Սերժ Սարգսյանն ուզում է, բայց անկարող է դա անել, ապա նա անկարող է նաեւ երկրում որեւէ լուրջ բարեփոխում իրականացնել: Դա գործնականում անհնար է, եթե դա է Սերժ Սարգսյանի աջակից մեծամասնությունը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը չի ուզում այդ բանն անել, այդ դեպքում արդեն կասկած չկա, որ նա չի էլ ուզում իրական բարեփոխում անել: Իսկ բարեփոխումը հաջողվում է միայն այն դեպքում, երբ գալիս է մարդու ներսից, երբ մարդ ներքին համոզումով է գնում այդ քայլերին, ոչ թե հարկադրաբար կամ ձեւականորեն:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: