Monday, May 23, 2011

Հայաստանի նկատմամբ Իսրայելի ջերմացումը բացատրվում է Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցմամբ

News.am. 23-5-2011- «Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի պարտականությունն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսեթի կրթության եւ մշակույթի հանձնաժողովում ներկայացրած «Մերեց» ձախ կուսակցության անդամ Զահավա Գալ-Օնը։
Կնեսեթի անդամը նշեց, որ քննարկումները բաց են լինելու։
«Վերջին տարիներին Կնեսեթը Հայոց ցեղասպանության հարցի վեաբերյալ քննարկումների որոշում էր կայացնում, որոնք պետք է կայանային արտաքին եւ անվտանգության հարցերով հանձնաժողովում։ Այս տարի քննարկումները կընթանան կրթության եւ մշակույթի բաց հանձնաժողովում։ Սա շատ կարեւոր է»,- ընդգծեց Գալյոնը՝ ավելացնելով, որ քննարկումներին շատ մարդ է հրավիրվելու։
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ է հատկապես այժմ Կնեսեթը այս հարցի առնչությամբ քննարկումներ ծավալում, իսրայելցի խորհրդարանականը նշեց, որ «Մերեց» կուսակցությունն ամեն տարի բարձրացնում է այս հարցը։ «Սակայն այս տարի կարող եմ ենթադրել, որ որոշումն ընդունվեց թուրքական կառավարության հետ ունեցած խնդիրների հետեւանքով»,- ասաց Զահավա Գալ-Օնը։
Կնեսեթի անդամը հույս հայտնեց, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դա նոր էջ կբացի երկու երկրների հարաբերությունների միջեւ։ «Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական պարտքն է, սակայն դժվար է ասել՝ ինչ կարող է լինել»,- ամփոփեց պատգամավորը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կնեսետի կրթության եւ մշակույթի հանձնաժողով էր ներկայացրել ձախ ուղղվածության «Մերեց» կուսակցությունը, որին աջակցել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը քննարկելու պահանջը խորհրդարանական հանձնաժողովում հավանության է արժանացել ձայների մեծամասնությամբ: Մինչ կրթության հանձնաժողով ուղարկելը, Կնեսեթի նիստում բոլոր մասնակիցները, այդ թվում Կնեսեթի նախագահը, պաշտպանել են քննարկումները շարունակելու որոշումը, ընդգծելով, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառ դառնան:

No comments: