
PanARMENIAN.Net - 14 հունիսի 2011 - Ընթացիկ տարում Հայաստանում արտասահմանյան երկրներից զբոսաշրջիկների հոսքի զգալի աճ է գրանցվել: Այդ մասին Երևանում հայտնել է Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով, վերջին տաս տարվա ընթացքում, բացի 2009 թվականից, արտասահմանյան զբոսաշրջիկների հոսքը Հայաստան ամեն տարի աճում է:
«Հարկ է նշել, որ մեզ մոտ արդեն երկրների որոշակի ցուցակ է ձևավորվել, որոնց բնակիչներն ամենից շատ են այցելում Հայաստան: Մասնավորապես, այդ զբոսաշրջիկներն ամենից շատ ժամանում են Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից»,- ասել է նա:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրօպերատորների հայկական միության նախագահ Ռոբերտ Մինասյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը հյուրընկալ երկիր է, «սակայն մենք չունենք համապատասխան ենթակառուցվածքներ»: Մասնավորապես, Մինասյանը մատնանշել է դեռևս միջազգային չափանիշներին չհամապատասխանող ճանապարհների հետ կապված խնդիրը: Բացի դրանից, Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել ներքին տուրիզմը: «Երկիրը չի կարող զարգացած համարվել, եթե չունի զարգացած ներքին տուրիզմ»,- նշել է Մինասյանը:
No comments:
Post a Comment