Քաղաքական ճգնաժամը արժեքային է, մտածողության, աշխարհընկալումների ճգնաժամ: Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական դասը գունային, գաղափարական` համենայն դեպս հռչակված գաղափարների մասով, անձնական, ընկերային, խմբավարական առումներով բաժանված է տարբեր մասերի, սակայն տեսակի առումով խցանված է մի կողմում:
Հակառակ կողմում գրեթե ոչ ոք չկա: Կան այլ տեսակի կրողներ, բայց դրանք հակառակ կողմում չեն, դրանք կամ դուրս են քաղաքական դաշտից եւ առայժմ իրենց ծավալում են զուտ քաղաքացիական տիրույթում, կամ գտնվում են քաղաքական դաշտի խցանված մասում, խցանման մեջ ու չեն կարողանում դուրս գալ` ճանապարհ տվող չկա:
Այդ իրավիճակն է ներկայիս ճգնաժամի էությունը: Այսինքն, առաջացել է քաղաքական նոր տեսակի դասի անհրաժեշտություն: Հինն այլեւս այնպես է խճճվել միջանձնային ու բիզնես հարաբերություններում, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում էլ թերեւս ունակ չէ կայացնել իրավիճակին համարժեք որոշումներ:
Ու այդ համատեքստում հատկապես ափսոս են դառնում նրանք, ովքեր սկզբունքորեն այլ տեսակ են, սակայն մնացել են միատեսակության խցանման մեջ: Նրանց իրավիճակը նաեւ բավական բարդ է, քանի որ ենթադրում է պայքար նախ եւ առաջ յուրայինների դեմ` նրանց առաջացրած խցանումներից դուրս գալու համար: Բայց այլ տարբերակ կարծես թե չկա: Այլ տարբերակը փակուղին է, կամ նույնականացումը խցանման հետ: Մինչդեռ, “ափսոս է տեսակը”, եթե ընթերցողի թույլտվությամբ մի փոքր խմբագրեմ Վանո Սիրադեղյանի հայտնի պատմվածքի վերնագիրը:
Մի փոքր այլ է իրավիճակը քաղաքացիական տիրույթում: Այստեղ խցանում չկա, դեռեւս: Այստեղ կա թարմություն, կա խանդավառություն, կա կրեատիվություն: Գուցե կա նաեւ տեսակի ձեւավորման գործընթաց, որը սակայն այսպես ասած սպոնտան է` ինքնաբուխ: Այդ տիրույթը քաղաքական դասի նոր տեսակի ձեւավորման բավականաչափ հարմար հարթակ է, որն անկասկած ինչ որ պահի բավական լուրջ կոնֆլիկտի մեջ է մտնելու արդեն իսկ եղած քաղաքական դասի հետ: Ավելին, լոկալ իմաստով այդ կոնֆլիկտը արդեն իսկ ունի դրսեւորումներ:
Իրավիճակն այլ է “Ժառանգություն” կուսակցության պարագայում: Դրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է գնալ դեպի քաղաքացիական տիրույթ, թերեւս պատկերացնելով, որ հակառակ դեպքում ինքն էլ կոնֆլիկտի մեջ կլինի այդ տիրույթի հետ: Բայց, կա վտանգ նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեպի այդ տիրույթ է գնում պարզապես այնտեղ կամ դրա միջոցով “թագավորելու” համար: Եթե կա այդպիսի քաղաքական հաշվարկ, ապա դա անշուշտ դատապարտված է, քանի որ հազիվ թե քաղաքացիական տիրույթում ձեւավորվող քաղաքական նոր տեսակի դասը ընդունի փոխհարաբերության այդպիսի “առաջարկը”: Այլապես այդ դեպքում խոսքը կլինի ոչ թե նոր տեսակի, այլ ընդամենը նոր քողի մասին:
Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր համեստ ծառայությունն է մատուցում այդ նոր տեսակին, ապա այստեղ իհարկե օրինակը միանգամայն ողջունելի է: Եվ գուցե վատ չէր լինի, որ այն փորձեին իրենց շախմատային պարտիայում կիրառել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: “Սերժի ու Լեւոնի շքեղ հնարավորությունը” առաջին հոդվածումս կարծիք էի հայտնել, որ ընդդիմության առաջնորդին ու իշխանության ղեկավարին տրված է հիանալի հնարավորություն, որը եթե մի քիչ կոպիտ բնորոշեմ, հետեւյալ իմաստը կարող է ունենալ` հավաքեն Հայաստանի քաղաքական դաշտում տարիներ շարունակ կուտակված, ու զգալի առումով նաեւ իրենց ջանքով ավելորդությունը եւ հեռանան: Իհարկե, դա կուտակվել է ոչ միայն իրենց, այլ մի քանի այլ գործիչների ջանքով: Բայց ներկայում քաղաքական “պարահանդեսը” վարում են հենց Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը, եւ հետեւաբար նրանք միանգամայն ի զորու են մաքրել նախորդ “քեֆերից” մնացածն ու նպաստել նոր տեսակի դասի ձեւավորմանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանին այդ առումով բաժին է ընկնում “հավաքարարության” /այդ բառն ամենեւին չունի հեգնական իմաստ/ այսպես ասած ստեղծագործական մասը: Բանն այն է, որ նա գործում է մի դաշտում, որտեղ նոր տեսակի կրողները զգալի շատ են: Տեր-Պետրոսյանից թերեւս պահանջվում է ընդառաջ գնալ նրանց եւ առաջարկել իր համեստ ծառայությունը, եւ թող տարօրինակ չթվա` բայց այդ թվում նաեւ յուրայինների հանդեպ այն կարեւոր եւ ելակետային հաղթանակի հարցում, որի մասին խոսեցի ավելի վերեւում:
Տեր-Պետրոսյանը պետք է ոչ թե նոր տեսակն էլ քաշի դեպի իրեն, այլ պատկերացնի իր մոտ առաջացած լուրջ խցանումն ու այդ պայմաններում տեսակի մահվան վտանգը, եւ ինքը գնա դեպի այդ տեսակը, ինչն էլ հենց օրինակ փորձում է անել Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարզապես ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի արածի էֆեկտն առավել մեծ է լինելու, նկատի ունենալով նրա անհամեմատ ավելի մեծ դերակատարությունը եւ ընդգրկումը քաղաքական դաշտում:
Սերժ Սարգսյանի “հավաքարարության” /բառի մեջ հեգնական իմաստ չկա/ պարագայում անելիքը շատ ավելի պարզ է, ստեղծագործականության պահանջ գրեթե չկա, որովհետեւ իշխանական դաշտում տեսակի բազմազանություն էլ գրեթե չկա. ընդամենը չեզոքացնել եղածը: Այդ հարցում Սերժ Սարգսյանն անկասկած կվայելի թե հասարակության, թե միջազգային հանրության աջակցությունը: Ավելին, նրանից հենց դա է պահանջում թե հասարակությունը, թե նաեւ ըստ ամենայնի հենց միջազգային հանրությունը:
Հայաստանում քաղաքական նոր տեսակի դասը քաղաքացիական բազայի վրա միեւնույն է ձեւավորվելու է: Այդ գործընթացն անդառնալի է: Տարբեր տեղերում ծվարած տեսակներն ի վերջո մի տեղում գտնելու են միմյանց եւ գալու են քաղաքական նոր հայտարարի, թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ տեսակի կրող անձանց համար քաղաքացիությունը դարձել է կենսակերպ, առանց որի հնարավոր չէ կյանքի լիարժեք զզգացողությամբ ապրել:
Պարզապես ներկայիս դասի առանցքային գլուխներ դարձած Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն ունեն հիանալի առիթ, ու նաեւ թերեւս հնարավորություն, նպաստել դրա առավել արագ ձեւավորմանը: Թող ընդդիմության ու իշխանության պատվիրակները իրենց համար երկխոսեն ինչի շուրջ ուզում են, գուցե դրանով նույնիսկ զբաղված կլինեն ու չեն էլ խանգարի, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը մտածեն նոր տեսակի քաղաքական դասի ձեւավորման եւ այդ գործում իրենց պատասխանատվության, կամ “մեռնող հատիկի” պատմական առաքելության մասին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment