Wednesday, June 22, 2011

Ռուսաստանի դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման արձանագրությունը

News.am. 22-6-2011- Ռուսաստանի դաշնային խորհուրդը հունիսի 22-ին վավերացրել է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. ստորագրված պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրությունը:
Հունիսի 21-ին ռուս սենատորների առջեւ ելույթ է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության` ԱՊՀ երկրների հետ ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Անդրեյ Գուսեւը: Նա ասել է, թե «ռուսական ռազմակայանը Հայաստանի շնորհիվ անցել է բրիգադային համակարգի: Այժմ դրա թվաքանակը կազմում է 4 հազար 245 մարդ»:
Նշենք, որ Ռուսաստանի պետդուման էլ հունիսի 17-ին էր վավերացրել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի ժամկետի երկարաձգման թիվ 5 արձանագրությունը:
Հայաստանի խորհրդարանը արձանագրությունը վավերացրել էր դեռ ապրիլի 12-ին` 80 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու մասին արձանագրությունը ստորագրել էին Հայաստանի եւ ռուսաստանի նախագահները 2010թ. օգոստոսին, Երեւանում, իսկ 2011թ. մարտի 15-ին Հյաաստանի Սահմանադրական դատարանը դրանք գնահատել էր որպես ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պայմանագիրը 25 տարով ռուսական ռազմակայանի տեղակայման մասին ստորագրվել էր 1995թ. մարտի 16-ին, իսկ այժմ գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ 49 տարի:
Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռազմակայանը ապահովում է նաեւ Հայաստանի անվտանգությունը:

No comments: