Sunday, June 19, 2011

Al Arabiya. Ղարաբաղյան հակամարտության «հույսերն ու վախերը»

News.am. 19-6-2011- Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող երկարատեւ դիմակայությանը վերջ տալուն ուղղված խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում ծագել են առաջընթացի հույսեր, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ պատերազմի վերսկսումը նույնպես հնարավոր է: Այդ մասին գրում է Al Arabiya-ն:
Հունիսի 25-ին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների նախօրեին լուրեր են շրջանառվում, որ ոխերիմ թշնամիները կարող են «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ համաձայնագիր ստորագրել. փոքր քայլ` հակամարտության կարգավորման երկար ճանապարհին:
Սակայն հրադադարից 17 տարի անց դարձյալ լարվածություն է ստեղծվել. ղարաբաղյան ռազմաճակատի երկայնքով կանոնավոր փոխհրաձգություն է, իսկ Բաքուն բազմիցս սպառնացել է, որ բանակցությունների ձախողման դեպքում ուժով կվերանվաճի Ղարաբաղը:
Պատասխանը համարժեք է. պատերազմի տարիներից Ղարաբաղը վերահսկող էթնիկ հայկական ուժերը եւ Երեւանում նրանց հովանավորները ահեղ պատժով են սպառնում, եթե Բաքուն դիմի ռազմական գործողությունների:
«Դա «սառեցված» հակամարտություն չէ, իրականում այնտեղ անբոց հակամարտություն է: Հռետորության այդ մակարդակը պատերազմը դարձնում է ավելի հավանական, եւ վտանգ կա, որ մի օր խոսքը գործ կդառնա»,- ասել է Վաշինգտոնում Կարնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:
«Սցենարը կարող է շատ բարդանալ. հարձակման թիրախ կարող են դառնալ էներգետիկ խողովակաշարերը, հավանական է փախստականների զանգվածային տեղաշարժ, հակամարտության մեջ կարող են ներքաշվել Թուրքիան ու Ռուսաստանը»,– հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը:
Երկու երկրների պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այս ամիս կայանալիք բանակցություններից առաջ, փաստաթղթի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների հարցում դիրքորոշումները մոտեցել են, թեեւ միմյանց շարժառիթների մասին արտահայտվում են կասկածանքով:
«Երկու կողմերից էլ ես լսել եմ չափազանց թշնամական հայտարարություններ եւ հորիզոնում որեւէ բեկում տեսնելու ոչ մի հիմք չեմ նկատում»,– ասել է Շիթսը:
Եթե, նույնիսկ, փաստաթուղթ ստորագրվի` խաղաղության համաձայնագրի ճանապարհին մնում են հսկայական խոչընդոտներ:
Բաքում պնդում է, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մաս` լայն ինքնավարությամբ, իսկ Հայաստանն ասում է, որ Ղարաբաղը պետք է երբեք չվերադառնա Բաքվի վերահսկողության տակ:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջնորդությամբ բանակցություններն առանց որեւէ առաջընթացի շարունակվում են 90-ականներից, եւ Դե Վաալը նշել է, որ հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիրը կլինի «լուրջ խաղաղ գործընթացի մեջ մտնելու հսկայական պարտավորություն»:
Սակայն նա զգուշացրել է, որ փաստաթուղթը չի նշանակի հակամարտության լուծում: «Կարեւոր է ընդգծել, որ դա միայն հիմք է, խաղաղության պայմանագրին հասնելու ճանապարհային քարտեզ, այլ ոչ թե վերջնական կարգավորում»,– ասել է փորձագետը:

No comments: