Tuesday, June 21, 2011

Պաշտոնական Ստեփանակերտը Կազանից ճեղքում չի սպասում

News.am. 20-6-2011- Միջազգային հանրությունն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձում է պահպանել որոշակի դինամիկա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` այդկերպ թմրեցնող ներակրում անելով հակամարտող կողմեր հասարակություններին, ստիպելով մարդկանց հավատալ, թե կան հարցի լուծման այս կամ այն տարբերակները: Իրականում այդ մեխանիզմը նպաստում է ստեղծված իրավիճակի պահպանմանը եւ, փաստացի, ստատուս-քվոյի աջակցմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, չարժե ռեալ առաջընթաց ակնկալել բանակցային գործընացում Կազանի հանդիպումից:
«Տարբեր փորձագետներ եւ քաղաքագետներ տարբեր կարծիքներ են հայտնում Կազանի հանդիպման վերաբերյալ, սակայն հակամարտող կողմերն ընդհանուր հայտարար չունեն, որի հիման վրա այսօր կարող են լուծման հանգել: Նաեւ. ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, եւ, փաստացի, ստացվում է, որ խոսքը գնում է մի լուծման մասին, որ ընդունելու են առանց ԼՂՀ-ի, իսկ երկիրը պարտավոր է լինելու կատարել այն: Դա անտրամաբանական է, ավելին, նման բան սովորաբար լինում է պարտված կողմերի հետ, մինչդեռ մենք այդպիսին չենք:
Ադրբեջանն իր նպատակներն ու մոտեցումներն ունի, նա փորձում է դիվանագիտական ճանապարհով զավթել Ղարաբաղը, ինչը անթույլատրելի է հայկական կողմերի` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Նաեւ չի կարելի պարտադրել կողմերին այս կամ այն որոշումը: Նման պայմաններում վճռորոշ պահ չի լինի»,- ասել է Բաբայանը եւ հավելել, թե կազանյան հանդիպման երկու հնարավոր զարգացում կարող է լինել, կամ ինչ-որ համատեղ հայտարարություն է ստորագրվելու, որտեղ հիշատակվելու են մարդու իրավունքները, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ այլն, կամ էլ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽժն կհայտարարի բանակցային գործընթացի նոր փուլ մտնելու մասին:
Նշենք, որ նախագահների հանդիպումը կայանալու է Կազանում, հունիսի 24-ին:

No comments: