Ինչպես գրում է Hurriyet Daily News–ը, Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքն օրեր առաջ հանդիպել են հայ, ամերիկացի և թուրք լրագրողների հետ։ Հանդիպման ընթացքում թուրք ընդդիմադիրներները խոսել են մի շարք հարցերի, այդ թվում՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և ղարաբաղյան հիմնախնդրի մասին։
«Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող և Ժողովրդա–հանրապետական ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունները պատրաստ են բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները և բացել սահմանը»,– գրում է Hurriyet Daily News-ը՝ ընդգծելով սակայն, որ իշխանության և ընդդիմության դիրքորոշումներում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հիմնախնդրին շաղկապելու հարցում առկա է որոշակի տարբերություն։
Ի պատասխան ամերիկացի լրագրողի այն դիտարկման, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ժողովրդա-հանրապետական կուսակցության մոտեցումը չի տարբերվում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության՝ այդ հարցում որդեգրած քաղաքականությունից, քանի որ երկուսն էլ հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման առաջ են քաշում հայկական զորքերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերման հարցը, Քեմալ Քըլըչդարօղլուն ասել է. «Մենք պատրաստ ենք բանակցել հայերի հետ առանց նախապայմանների»։
Քըլըչդարօղլուն ընդգծել է, թե ոչ ոք չի կարող ասել, որ ինքը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում համաձայն է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ունեցած դիրքորոշման հետ։
Իր հերթին Ժողովրդա–հանրապետական կուսակցության փոխնախագահ Օսման Քորութուրքը նույնպես հաստատել է, որ իրենք ղարաբաղյան հիմնախնդիրը չեն դիտում որպես նախապայման հայ–թուրքական հարբերությունների կարգավորման հարցում։
«Մեր և «Արդարություն և զարգացում» կուսակցության միջև տարբերությունն այն է, որ մենք զորքերի հնարավոր դուրսբերումը դիտում ենք որպես ժեստ, այլ՝ ոչ նախապայման» – ասել է Քորութուրքը։
Hurriyet Daily News–ն անդրադառնում է նաև հայ, ամերիկացի և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ արած հայտարարութուններին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բաղըշը կառավարության շենքում ընդունել էր լրագրողներին և պատասխանել նրանց հարցերին։
Խոսելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Էգեմեն Բաղըշը նշել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը թեմայի առնչությամբ համարձակ քայլեր են իրականացրել։ Թուրք պետնախարարն ընդգծել էր, որ սկսված գործընթացը պետք է շարունակել։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ Բաղըշն ասել էր, որ դա զգայուն թեմա է թուրք հանրության համար և ավելացրել. «Սակայն եթե ցանկություն կա, լուծում էլ կլինի»։
Խոսելով Թուրքիայի «զրո խնդիր» քաղաքականության մասին՝ Բաղըշն ասել էր, որ Թուրքիան մի կողմից «զրո խնդիր» է ցանկանում իր հարևանների հետ, իսկ մյուս կողմից ուզում է, որ իր հարևանները նույնպես «զրո խնդիր» ունենան միմյանց հետ իրենց հարաբերություններում։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ թուրք պետնախարարը նշել էր, թե իրենք ցանկանում են, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները կարգավորվեն, հակառակ դեպքում Թուրքիան հիասթափություն է ապրելու։
Պատասխանելով այն հարցին, թե «Ե՞րբ կբացվի հայ–թուրքական սահմանը», Էգեմեն Բաղըշն ասել էր. «Ենթադրում եմ՝ Հայաստան–Ադրբեջան ձեռքսեղմման հենց հաջորդ օրը»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment