Thursday, June 30, 2011

Ինչպե՞ս խուսափել շոգ եղանակի տհաճությունից

News.am. 30-6-2011- Շտապ բուժօգնության կանչերի թիվը եղանակի տաքացման հետեւանքով չի ավելացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշեց, որ կանչերը նախկին քանակի են` օրական միջինը 500: «Կանչերը կրկին նույն հիվանդությունների հետ են կապված` սիրտանոթային պաթոլոգիաներ, տրավմաներ, վիրուսային հիվանդություններ»,-նշեց Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է ուշաթափություններին, ապա դրանք, NEWS.am-ի զրուցակցի խոսքով, արձանագրվում են տարվա բոլոր եղանակներին, շոգ եղանակը պարզապես կարող է նպաստող հանգամանք դառնալ: Հարցին, թե ամռան ամիսներին նկատվո՞ւմ է կանչերի թվի աճի միտում, Ստեփանյանը պատասխանեց, թե, ընդհակառակը, ամռան ամիսներին կանչերի քչացում է նկատվում: «Սրացումները լինում են հիմնականում գարնան ամիսներին»,-նշեց բժիշկը:
Նա մի քանի խորհուրդ տվեց քաղաքացիներին, որոնք թույլ կտան խուսափել շոգ եղանակի բացասական հետեւանքներից: Ըստ այդմ` պետք է հնարավորինս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, քայլել ստվերոտ վայրերով, օգտագործել շատ քանակի հեղուկներ: «Իսկ եթե զգում եք, որ արեւահարվել եք, ապա օգտագործեք սառը թրջոցներ գլխի եւ պարանոցի շրջանում»,-նշեց Ստեփանյանը:
Օդի ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ NEWS.am-ը զրուցեց նաեւ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի հետ: Նա նշեց, որ ջերմաստիճանի արտառոց բարձրացում չի նկատվում` ջերմաստիճանը տատանվում է 37 աստիճանի սահմաններում: Պետրոսյանի խոսքով` առաջիկա օրը ջերմաստիճանի այս ֆոնը կպահպանվի, իսկ հուլիսի 1-ին եւ 2-ին 1-3 աստիճանով կնվազի. գերակշռող ջերմաստիճանը Արարատյան դաշտում կլինի 35 աստիճանը: Նա նշեց, որ այս տարի մեզ սպասում է չոր ամառ` տեղումները լինելու են նորմայից պակաս:

No comments: