Thursday, June 23, 2011

Կազանից առաջ. մամուլի անդրադարձը

Tert.am. 23-6-2011- Այսօր հայաստանյան թերթերի ուշադրության կենտրոնում Կազանում հունիսի 24-ին կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումն է։
«Ազգ». «Չի բացառվում, որ Կազանում նախատեսվող հանդիպումը հանգեցնի նույն արդյունքի, ինչ նախորդներն էին: Այդ դեպքում Մինսկի խմբի երկրները պատեհ առիթը բաց թողելու համար նորից ափսոսանք կհայտնեն, իսկ ադրբեջանցի մարդասպանը նոր չարագործություններով վերստին սադրանքի կդիմի եւ նորից կապավինի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներողամտությանը: Հետեւաբար պետք է մտածել հրոսակին ինքնուրույն պատժելու մասին»:
«Երկիր»-ի խմբագրականում կարդում ենք. «Վաղը Կազանի գագաթաժողովում հարցը դրվելու է շատ կոնկրետ՝ կամ կողմերը ստորագրում են սեղանին դրված Մադրիդյան փաստաթուղթը, կամ հրաժարվում են, և գործընթացը վերջնականապես մտնում է փակուղի։ Չնայած պահը բեկումնային է առավել, քան երբևէ, հայկական հասարակական–քաղաքական միջավայրն ապշեցնում է իր բացարձակ անտարբերությամբ։ Միակ քաղաքական ուժը, որը Կազանից առաջ հստակ դիրքորոշում արտահայտեց, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն էր....»։
«168 ժամ». Թերթի հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ նախկին համանախագահ, Ղարաբաղյան հարցի գիտակ Վլադիմիր Կազիմիրովն ասում է. «Կազանում կայանալիք հանդիպման ելքը դեռ պարզ չէ։ Շատ բան կախված է նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մադրիդյան սկզբունքներում կգտնե՞ն արդյոք իրական և հնարավոր զիջումների ու ձեռքբերումների գոնե մոտավոր բալանս, կկարողանա՞ն դրանում համոզել իրենց երկրների հասարակություններին։ Բաքուն ամենից առաջ կցանկանար աստիճանաբար վերաարձնել Ղարաբաղյան պատերազմում իր թույլ տված սխալների հետևանքով կորցրած շրջանները։ Սակայն նա ուզում է դրան հասնել «ձրի»՝ ի հաշիվ այն բանի, որ «բռնազավթումն» ինքնին անընդունելի բան է։ Ընդ որում՝ նա ուզում է նվազագույնի հասցնել իր պարտավորությունները ԼՂ անվտանգությունը երաշխավորելու և բնակչության կամքն արտահայտող իրավաբանորեն պարտավորեցնող միջոցառում՝ պլեբիսցիտ անցկացնելու հարցում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման համար։ Հայերը կարող են սկսել զորքը սահմանից հեռացնելու գործընթացը միայն այն բանից հետո, երբ երաշխավորված կլինի Լեռնային Ղարաբաղի վրա նոր հարձակումների բացառումը, քանի որ նրանց կողմից ցանկացած շրջանի հանձնումը կխախտի երկրի պաշտպանության սահմանները։ Նրանց պետք չէ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման ձգձգումը և անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ «բնակչության կամքի արտահայտումը» տանել դեպի ինքնավարություն։ Հողերի ազատագրման ամենակարճ ուղին կլիներ ուժ չկիրառելու մասին համաձայնագիրը՝ միջազգային երաշխիքների հետ միասին, սակայն այդպիսի համաձայնագրի կնքումը սպառնալիքների, սպառազինությունների մրցավազքի և միջադեպերի հրահրման բազմամյա քաղաքականությունից հետո հիմնավորապես կվարկաբեկեր Բաքվին, թեև դրանում ուրիշ ոչ ոք մեղավոր չէ։
«Ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն ասում է. որ ստատուս-քվոն ձեռնտու չէ ոչ միայն միջնորդներին, այլև հայկական կողմերին և հարկ է փոխել տարածաշրջանում իրերի դրությունը, բայց ոչ թե ամեն գնով, այլ բացառապես դրական ուղղությամբ՝ կայունության պահպանման պայմաններում։ Ըստ նրա՝ այդպիսի սցենար կարող է լինել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, որն ի վիճակի է փակել ռազմական հեռանկարը:
«Չորրորդ ինքիշխանություն». Նախօրեին Ստեփանակերտ ժամանած կովկասյան երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԳ նախարարը ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է, թե «Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ այնտեղ ներկա չի լինի»։ Պետրոսյանը հավելել է նաև, թե չնայած Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում բանակցություններին, իրենք «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից։ Այսինքն՝ Ղարաբաղը «կուրսի» է, թե իր ճակատագրի հետ կապված ինչ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը։ Սակայն ամենատարօրինակ պատասխանը ԼՂՀ ԱԳ նախարարը տվել է այն հարցին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Այդ հարցին ի պատասխան Գեորգի Պետրոսյանը հայտարարել է, թե դա ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումների հետևանքով չէ։ «Միջնորդների կարծիքով եռակողմ ձևաչափով դժվար է բանակցություններ վարել, քանի որ երեք կողմերը դժվար են պայմանավորվում»,– ասել է ԱԳ նախարարը։
Թերևս, Պետրոսյանը տեղյակ չէ, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ում օրոք էլ հենց Ղարաբաղը դուրս էր մնացել բանակցային գործընթացից, անձնական զրույցներում սիրում է պատմել այն մասին, թե ինչպես Քի Ուեսթ մեկնելուց առաջ Քոչարյանը իրեն բերել է մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը պետք էր Հայաստանի մաս ճանաչվեր....

No comments: