Sunday, June 5, 2011

ԵՄ-Ն ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ. Ի՞ՆՉ ԿՓՈԽՎԻ

«ԱԶԳ», 04-06-2011- Երբ Եվրոհանձնաժողովը մայիսի 25-ին հրապարակեց «Նոր պատասխան փոփոխվող հարեւանությանը» փաստաթուղթը, Ադրբեջանում սկսեցին թմբկահարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմի մոտալուտ փոփոխմամբ Ադրբեջանի համար բացվող նոր հնարավորությունների մասին: Պատճառը Մինսկի խմբում ներգրավվելու ԵՄ պատրաստակամությունն էր: Ադրբեջանցի վերլուծաբանները շտապեցին եզրակացնել, որ համանախագահությունում ԵՄ-ն կփոխարինի Ֆրանսիային: Ֆրանսիական կողմը, սակայն, պաշտոնապես պատասխանել է, որ շարունակելու է համանախագահել Մինսկի խմբում: Ի՞նչ կփոխի այս դեպքում ԵՄ-ի մասնակցությունը բանակցային ձեւաչափին:
Մայիսի 25-ին արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ԵՄ-ի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հրապարակեցին «Նոր պատասխան փոփոխվող հարեւանությանը» համատեղ հայտարարությունը: Փաստաթղթում, որը Եվրոհանձնաժողովի կողմից ներկայացվել է Եվրոխորհրդարանին, ԵՄ Խորհրդին, Եվրոպական սոցիալական եւ տնտեսական, տարածաշրջանների կոմիտեներին, մասնավորապես նշվում է.

«ԵՄ-ն արդեն ակտիվություն է ցուցաբերումՙ ձգտելով կարգավորել հարեւանության տարածաշրջանում առկա հակամարտություններից մի քանիսը: ...ԵՄ-ն պատրաստ կլիներ ներգրավվել այն ձեւաչափերում, որտեղ դեռեւս ներկայացված չէ, օրինակՙ Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբում: ԵՄ-ն մտադրություն ունի աջակցություն ցուցաբերել անջատված տարածքներում վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ դրանց օժանդակության տրամադրմանը, հակամարտություններին առնչվող միջազգային ջանքերին եւ կառույցների գործունեությանը, ինչպես նաեւ, նշված փուլի ավարտից հետոՙ կարգավորման սկզբունքների կյանքի կոչմանը: Նա կշարունակի նաեւ ընդդիմանալ ուժի միջոցով կատարված սահմանային փոփոխություններին»:

Փաստաթղթի հրապարակումից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվեցին լուրերՙ իբր ԵՄ-ն Մինսկի խմբում կփոխարինի Ֆրանսիային: Այս հրապարակումները նույնիսկ ստիպեցին միջազգային կառույցներին ահազանգել, որ այժմ Մինսկի խմբի ձեւաչափը փոփոխելու լավագույն ժամանակը չէ: Նման հայտարարությամբ մասնավորապես հանդես էր եկել Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:

Հետաքրքիր է, ի՞նչն էր ադրբեջանական նման ապատեղեկատվության հիմք հանդիսացել, երբ Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչների հայտարարությունում որեւէ կերպ չի ակնարկվում Ֆրանսիայի համանախագահությանը փոխարինելու հնարավորության մասին: Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի մտայնությունները լիովին փարատվեցին ֆրանսիական կողմի պաշտոնական պատասխանի արդյունքում: «ԵՄ-ն ցանկանում է օժանդակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, միեւնույն ժամանակ չի վիճարկում ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիական համանախագահությունը», հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն ի պատասխան «Արմեդիա» գործակալության հարցման:

Այսինքնՙ առաջիկայում ղարաբաղյան կարգավորման միջնորդային ձեւաչափը կարող է ոչ թե փոփոխվել, այլ համալրվել: Իսկ ինչո՞վ է դա հղի:

Նախ նշենք, որ ԵՄ-ը միջազգային այն ուժն է, որը երբեւէ պատրաստակամություն է հայտնել ուղղակիորեն աշխատելու Արցախի հետ: Այս առումով հիշենք Եվրոխորհրդարանի պատգամավորներ Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) եւ Միշել Ռիվազիի (Եվրոպական կանաչների միություն) այցն Արցախ նախորդ տարվա նոյեմբերին, որի ընթացքում խորհրդարանականները խոսել էին Արցախի հետ համագործակցության ձեւաչափերի մշակման մասին: Մյուս կողմից, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրն այն ձեւաչափն է, որի շրջանակում քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ համագործակցության հարթակներում չի բացառվում չճանաչվածների ներկայացուցիչների ներգավումը: Այսինքն, հնարավոր էՙ ԵՄ-ն դառնա այն ուժը, որի օժանդակությամբ միջնորդներին կհաջողվի անմիջականորեն ներկայացված լինել Արցախում եւ համագործակցել Ստեփանակերտի հետ: Առավել եւս այդ մասին է վկայում «Նոր պատասխան փոփոխվող հարեւանությանը» փաստաթղթի այն ձեւակերպումը, համաձայն որի` «ԵՄ-ն մտադրություն ունի աջակցություն ցուցաբերել անջատված տարածքներինՙ օժանդակություն տրամադրելու հարցում»:
Մյուս կողմից, սակայն, միջնորդող նոր կողմի ներգրավվածությունը ԵԱՀԿ-ի ՄԽ-ում, մի շարք նոր խնդիրներ կարող է առաջ բերել, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է 27 երկրի շահեր մեկտեղող ԵՄ-ին: Սակայն այս հանգամանքից բխող վտանգները, կարելի է ասել, հնարավորինս չեզոքացված են այն բանից հետո, երբ նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց գործել արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը կամ ԵՄ արտգործնախարարությունը: Առավել կենտրոնացված գործառութային կառույցի հիմնումը ոչ միայն ինստիտուցիոնալ փոփոխություն էր, այլեւՙ բովանդակային: ԵՄ ընդհանրական արտաքին քաղաքականությունն այլեւս ոչ թե ազգային պետությունների քաղաքական շահերի պարզ գումարն է, այլՙ դրանց սինթեզը, որն ինչ-որ մասով համընկնում է ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին, սակայն նաեւ որոշակիորեն տարբեր է: Թերեւս պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավվելու պատրաստակամության մասին Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարում է այժմՙ արտաքին քաղաքական գերատեսչության վերջնական ձեւավորումից հետո:
Ինչեւէ, ԵՄ-ի ներգրավվմամբ ԵԱՀԿ ՄԽ-ում կարող են ամրապնդվել «արեւմտյան» թեւի դիրքերը: Սա, իր հերթին, լրացուցիչ երաշխիք է, որն առավել կնվազեցնի միջնորդներից որեւէ մեկի մենաշնորհի սահմանումը կարգավորման գործընթացի նկատմամբ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԵՄ-ը եւս բավականին շահագրգռված է մեր տարածաշրջանում ազատ հաղորդակցության վերականգնմամբ, ապա հնարավոր էՙ Մինսկի խմբում նրա ներգրավվածությունն առավել ակտիվացնի կարգավորման գործընթացը, այլ ոչՙ հակառակը: Արդյունքում, նոր շունչը, որ բանակցություններին կհաղորդի ԵՄ ներգրավումը, կսահմանափակի բանակցային գործող ձեւաչափից «փախուստի դիմելու»ՙ կողմերի հնարավորությունն այն պատճառաբանությամբ, թե Մինսկի խումբը սպառել է իրեն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որեւէ կերպ մինչեւ այժմ դեմ չեն արտահայտվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԵՄ ներգրավվածությունն ակտիվացնելու պատրաստակամությանըՙ կարելի է ենթադրել, որ Բրյուսելի հաշվին ՄԽ ընդլայնումը տեղի կունենա նրանց լուռ համաձայնությամբ: Իսկ միջնորդների այս համերաշխությունը հուշում է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում մոտակա առաջընթացի կանխատեսումներն այնքան էլ զուրկ չեն հիմքերից:
Մ. ՍԵՄԵՐՋՅԱՆ

No comments: