Thursday, June 23, 2011

Առայժմ հավանականություն կա, որ ԼՂ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով. Լևոն Տեր-Պետրոսյան

Tert.am. 23-6-2011- Կազանում հունիսի 24-ին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել ռուսական Московские новости թերթին։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և այդ հարցում Արևմուտքի ձեռնարկած քայլերի մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ Արևմուտքը, իր կարծիքով, բավարար չափով ջանքեր չի գործադրում խնդրի լուծման համար, քանի որ դա նրանց համար առաջնահերթ չէ։ Ամերիկան, նրա խոսքով, այլ մեծ խնդիրներ ունի՝ Իրաք, Աֆղանստան, Իրան, Հյուսիսային Կորեա և այլն։ «Պարզապես ձեռքերը չեն հասնում։ Որքան էլ հարուստ լինի այդ պետությունը, նրա ռեսուրսները սահմանափակ են»,- ասել է Տեր-Պետրոսյանը։
Ստեղծված իրավիճակը, նրա կարծիքով, մի կողմից ձգձգում է լուծումը, իսկ մյուս կողմից հնարավորություն է տալիս Ռուսաստանին ավելի ակտիվ լինել այս հարցում, հատկապես վերջին երկու տարիներին։ «Տեղի են ունենում նախագահների հանդիպումներ, ստորագրվել են հայտարարություններ և եռակողմ հռչակագրեր։ Սա հանգեցնում է այն մտքին, որ այս խնդրի լուծման նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքում է»։ Նա կարծիք է հայտնել, որ «Արևմուտքը շատ դեմ չի լինի, որ հարցը լուծվի այս ճանապարհով, եթե հակամարտող կողմերը պատրաստ են դրան»։
Խոսելով պատերազմի վերսկսման հավանականության մասին՝ Լևոն տեր Պետրոսյանը հույս է հայտնել, որ առայժմ հավանականոթյուն կա, որ հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով։ «Բայց եթե այս գործընթացն էլ չհանգեցնի որևէ արագ հաջողության, ապա, այո´, պատերազմ հնարավոր է»։ Ընդ որում, ըստ նրա, պատերազմը կսկսի հենց Ադրբեջանը։ «Հայաստանը երբեք պատերազմ չի նախաձեռնի, ով էլ որ լինի նախագահը։ Եթե պատերազմ սկսվի, ապա միայն Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Եվ ամենավտանգավորն այն է, որ ոչ ոք չի կարող Ադրբեջանի ձեռքը բռնել», ասել է Տեր-Պետրոսյանը։

No comments: