Thursday, June 23, 2011

Եվս մի տարօրինակ արտահայտություն

“Տարածքային ամբողջականության սկզբունքը Հայաստանն ընդունել է, ընդունում է եւ միշտ ընդունելու է: Այստեղ մեզ համար հարցական չկա: Հենց այդ պատճառով է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը երբեք ոչ մի պահանջ չի ներկայացրել ոչ Ադրբեջանի, ոչ էլ որեւէ այլ երկրի: Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը”, հայտարարեց Սերժ Սարգսյանը, հունիսի 22-ին ԵԽԽվ-ում ելույթից հետո պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցերին:
Այդ հայտարարությունն էլ թերեւս մեկն է այն մի քանի այլ տարօրինակ հայտարարություններից, որ Սերժ Սարգսյանը հնչեցրեց Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի այդ արտահայտությունն ուղղակի հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթաց ասվածի հետ, որ հռչակել է թե Հայաստանի իշխանությունը, թե նաեւ Լեռնային Ղարաբաղը:
Անհնար է մի կողմից ասել, թե աշխատում ես Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ մյուս կողմից հայտարարել, թե տարածքային ամբողջության սկզբունքը ընդունելով է, որ դեռեւս չես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսինքն ստացվում է, որ Սերժ Սարգսյանի համար կամ նրա ղեկավարած Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղը դեռ Ադրբեջանի մաս է, կամ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած Հայաստանը դեռ կասկածում են, որ Ղարաբաղը կարող է մեկ էլ տեսար Ադրբեջանի մաս է, ու դրա համար դեռ չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը:
Պարզ է, որ այդպես չէ: Պարզ է, որ Սերժ Սարգսյանի համար ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս չէ: Այստեղ ես օրինակ կասկած չունեմ: Խնդիրը արտահայտություններն են, հրապարակային քաղաքականությունը, քաղաքական մեսիջները, Ղարաբաղի քաղաքականության հետ կամ հռչակումների հետ ակնհայտ եւ նույնիսկ ռազմավարական նշանակության հակասությունը:
Ինչպես կարող ես որեւէ պետության հորդորել կամ խնդրել, որ ճանաչի Ղարաբաղը, եթե փաստացի անում ես հայտարարություն, որից ստացվում է, որ ներկայում ճանաչելը կնշանակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Բա էլ ինչ միջազգային ճանաչման գործընթացի մասին են երբեմն-երբեմն խոսում Հայաստանի պաշտոնյաները, ասելով, թե Հայաստանն ինքը չի ճանաչում, բայց անում է հնարավորը, որ ճանաչեն այլ պետություններ: Այդ արտահայտությունն ինքնին իհարկե ծիծաղելի է, սակայն առավել եւս զավեշտալի է դառնում պատկերը, երբ ճանաչումը հակասության մեջ է դրվում տարածքային ամբողջության ընդունման սկզբունքի հետ, եւ դա անում է ոչ այլ ոք, քան Հայաստանի նախագահն իր հրապարակային հայտարարությամբ:
Այստեղ նաեւ ակնհայտ հակասություն կա Ղարաբաղի հռչակած արտաքին քաղաքական խնդրի` Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի հետ: Մի քանի ամիս առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն արտգործնախարարության առաջ խնդիր էր դրել աշխուժացնել ճանաչմանն ուղղված ջանքը: Մի կողմ թողնենք, թե մինչեւ հիմա ինչպես է իրագործվել կամ իրագործվում այդ խնդիրը, կամ ինչքանով էր անկեղծ Բակո Սահակյանը, երբ դնում էր այդպիսի խնդիր: Բանն այստեղ այն է, որ փաստացի նշանակում է, որ Հայաստանը իր նախագահի ձեւակերպումով, այն էլ խոշոր ամբիոնից, պարզապես մի բավական զորեղ տրամաբանական արգելապատնեշ է դնում Ղարաբաղի առաջ:
Հասկանալի է, որ եթե որեւէ պետության շահից բխի Ղարաբաղի անկախության ճանաչումը, ապա Սերժ Սարգսյանի ասածը որեւէ նշանակություն չի ունենա եւ չի էլ հիշվի: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ հակառակ դիրքորոշում ունեցողներին հակափաստարկներից զրկելու փոխարեն, Սերժ Սարգսյանը փաստացի լրացուցիչ փաստարկ է տալիս կամ ամրապնդում արդեն ունեցած փաստարկները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: