Wednesday, June 22, 2011

Քրդերը խորհրդարանում տեղեր են կորցնում. պատգամավորին զրկել են մանդատից

Tert.am. 22-6-2011- Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ) որոշմամբ՝ պատգամավորական մանդատից զրկվել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող Հաթիփ Դիջլեն։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ԲԸԽ–ն իր որոշումը հիմնավորել է այն բանով, որ նախքան ընտրությունները «Քրդստանի համայնքների միության» (KCK) (համարվում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ճյուղերից մեկը) դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված Հաթիփ Դիջլեն դատարանի կողմից «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանքով դատապարտվել էր 1 տարի 8 ամսվա ազատազրկման։
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում քուրդ գործչի թափուր աթոռը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Թուրքիաի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Նշենք, որ KCK–ի դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 2009թ. մինչև հիմա ձերբակալվել են մեծ թվով քուրդ քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ։ Թուրք դատախազները պահանջում են «պետության ամբողջականությունը խաթարելու փորձի», «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», «ահաբեկչական կազմակերպությանն օժանդակություն ցույց տալու» մեղադրանքներով քուրդ գործիչներին դատապարտել 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող պատգամավորության անկախ թեկնածուները հավաքել էի ձայների 6,6%-ը՝ խորհրդարանում ստանալով 36 մանդատ։

No comments: