Thursday, June 30, 2011

Ովքեր կլինեն նոր խորհրդարանում

«Լրագիր» 30-6-2011- Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է սոցիալական իրավիճակի վերաբերյալ կատարված հարցումների արդյունքները: Ադիբեկյանի հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 46.1 տոկոսը տուժել է ճգնաժամից, ընդ որում, 16.1 տոկոսը կորցրել է աշխատանքը, իսկ 14.5 տոկոսի ընտանիքի անդամները ստիպված են եղել արտագաղթել: 2010 թ հարցվածների 70.6 տոկոսի վիճակը անփոփոխ վատ է մնացել կամ ավելի է վատացել 2008 թ 39 տոկոսի դիմաց:
Ըստ Ադիբեկյանի, հարցվածների մեծամասնությունը ճգնաժամից դուրս գալու ելք են տեսնում սոցիալ-տնտեսական հիմնահարցների լուծումը: Երկրորդ տեղում պետա-իրավական հարցերն են, այդ թվում իշխանափոխությունը, իսկ ղարաբաղյան հիմնահարցը և ցեղասպանության հիմնախնդիրն ամենավերջինն է բնակչության հիմնախնդիրներում:
Ադիբեկյանը կանխատեսում է, որ բնակչության համար սոցիալական խնդիրների կարևորությունը ստիպում է նախընտրական պայքարը “զուտ քաղաքական” դաշտից “առօրյա-կենցաղային” ոլորտ տեղափոխել: Այս իրավիճակը կարող է բերել նրան, որ որոշ գործիչներ դժվար սոցիալ-տնտեսական ֆոնին պապուլիստական խոստումներ տան մարդկանց:
Ընտրություններին, ըստ Ադիբեկյանի, վճռորոշ նշանակություն կունենա համայնքների ղեկավարների դերը: Նա կարծում է, որ եթե, օրինակ, ՀԱԿ-ը ուզում է իշխանության գալ, պետք է սոցիալական բազա ունենա համայնքներում, որը չկա:
Հարցին, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան, ըստ նրա հարցումների, Ադիբեկյանը խոստացավ ներկայացնել վաղը: Սակայն նա նշեց, որ իշխանական ուժերից կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: Ընդդիմադիր ուժերից, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը պահպանվի, Ժառանգությունը կմտնի խորհրդարան, ինչպես նաև ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն:
Ադիբեկյանը ևս 2 ուժի համար էլ է տեղ թողնում: Այդ ուժերը, ըստ նրա, կարող են դառնալ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը իր բավական հնարամիտ մեթոդներով, ինչպես նաև ՍԻՄ-ը, եթե ճիշտ աշխատի: Ինչ վերաբերում է նորաստեղծ Ազատ դեմոկրատներ կուսակցությանը, Ադիբեկյանը կարծում է, որ եզրափակիչ փուլում հայտնված ուժերը որպես կանոն չեն անցնում խորհրդարան, եթե չկա վարչական ռեսուրս:
Ըստ նրա, ընտրություններում վճռորոշ գործոն կարող են դառնալ գյուղապետերը, որոնք ունակ են համայնքային խնդիրներ լուծել, իսկ միլպետների ու դատախազերի գործոնն արդեն նվազել է, քանի որ մարդկանց վախեցնելը դժվարացել է:

No comments: