Այդ առումով Կազանյան հանդիպումը, իհարկե, բացառություն չէր: Սակայն, բացառություն չլինելով հանդերձ, վերը նշված առումով, իր մեջ պարունակում է նաեւ մի կարեւոր «նորություն»: Այդ նորությունը կայանում է նրանում, որ այս հանդիպումից հետո, մարդկանց մոտ բացակայում է ոչ միայն կարկուտի անցնելու, այլ նույնիսկ նրա անորոշ ժամանակով հետաձգվելու զգացողությունը: Հակառակ: Քաղաքական մթնոլորտը մնում է բավականին շիկացած ու թանձրացած եւ մեզ համար բարենպաստ ելք, ոնց որ թե, այնքան էլ չի խոստանում:
Մի կողմ թողնենք, ասենք, Սաբինա Ֆրեյզերի, կամ էլ մի շարք ռուս փորձագետների նման անձանց եւ իրենց սնուցող կազմակերպությունները, որոնց ամբողջ գործունեությունն ուղղված է Հայաստանին մշտապես շանտաժի ենթարկելուն: Դրանց հակադրվելու եւ հակազդելու համար էլ ստեղծել ու պահում ենք մեր պետությունը: Իսկ որքանով եւ ինչ արդյունավետությամբ է նա կարողանում արձագանքել այդ ամենին, դա արդեն այլ հարց է:
Առավել հետաքրքիր է սակայն, թե ինչպիսի արձագանքներ եղան եւ կան մեզանում Կազանից հետո: Կրկնում ենք, այն մթնոլորտում, երբ կարկտաբեր ամպերն ամենեւին էլ չեն ցրվել: Հետաքրքրական է, որ այս անգամ հանրությանը մատուցանվեց մի նոր՝ կառուցվածքով բացարձակապես անտրամաբանական, էությամբ՝ պարզապես անբարո մի թեզ, թե այսօրվա ստատուս – քվոն ձեռնտու է միայն Ադրբեջանին: Բնական է, որ նման անմաքուր գաղափարն իշխանությունը խուսափեց հնչեցնել իր որեւիցե պաշտոնական ներկայացուցչի միջոցով՝ քաջ գիտակցելով, որ նման միտք արտաբերելու դեպքում վարկաբեկվում է թե արտաբերող անձը, թե ինքը, իշխանությունը: Դա վստահվեց, կամ հանձնարարվեց՝ ընկալեք ոնց կամենում եք, իրեն փորձագետ, կամ քաղաքագետ ներկայացնող, կամ համարող՝ նույնպես ընկալեք ոնց կամենում եք, մի անձի, որի կեցվածքից դժվար չէ եզրակացնել, որ նա անհրաժեշտ պահին կասի ինչ որ պետք է, եւ երբ որ պետք է, եւ ինչպես որ պետք է:
Մյուս կողմից, չեն դադարում հնչել «իրատեսական եւ իմաստուն» այն ձայները, որոնք Իլհամ Ալիեւի եւ Ադրբեջանի այլ պաշտոնյաների հետ զուգընթաց չեն դադարում մեզ հիշեցնել ու հասկացնել, թե որքան առաջ է ընկել մեզանից իր զարգացման մեջ մեր ախոյան հարեւանը: Եւ բերվում են համապատասխան թվային հիմնավորումներ: Ի դեպ, դրանք ոչ մեկն էլ չի պատրաստվում կասկածի տակ դնել, կամ էլ, առավել եւս՝ հերքել: Ամբողջ հարցն այն է, թե այդ ամբողջը այդքան լավ ու խորությամբ գիտակցելու պարագայում, ինչ է արվում դրան համարժեք պատասխան տալու համար: Թե` «նրանք նավթ ունեն»: Եւ այս աշխարհում, այն պետությունն ու ժողովուրդը, ով նավթ չունի, ի վերուստ եւ ի սկզբանե դատապարտված են անհետացման ու բնաջնջման:
Իսկ գուցե Ադրբեջանի պետական եւ ռազմական բյուջեների աճի տոկոսները մեզ մատուցանելիս զուգահեռաբար մատուցանեիք, թե քանի անգամ (ավելի ճիշտ` քանի հազար ու տասնյակ հազար անգամ) աճել են մեր համապատասխան այրերի ընտանեկան ու անձնական բյուջեները՝ սկսած նիստերի ժամանակ պոռնո դիտող կամ էլ քիթը փորող իրենց պետական այր համարողներից եւ վերջացրած նորահայտ առյուծաձեւներով: Թե; դա «հաշիվ չէ», դա այս պետության եւ այս հասարակության ստեղծած միջոցները չեն:
Բնականաբար, ոչ ոք չի պատրաստվում պնդել, թե Ադրբեջանում վաստակած գումարը առաջին հերթին տրամադրվում է հասարակության ու պետական կարիքների համար: Այնտեղ էլ է թալան, այն էլ ինչ ձեւի: Պարզապես եկածն այնքան շատ է, որ հերիքում է եւ այնտեղ, եւ այնտեղ: Իսկ մեր մո՞տ: Միակ համարժեք պատասխանը հարեւանին կլիներ այն, ինչն անվանում են նորմալ պետություն եւ նորմալ հասարակարգ՝ այդտեղից բխող բոլոր պոզիտիվ արդյունքներով: Մենչդեռ մեզ փաստորեն ասվում է հետեւյալը` «ժողովուրդ ջան, մեր փայը վերցնելուց հետո տակը էլ բան չի մնում, որ մենք կարողանանք Ադրբեջանի հետ ոտք գցել: Մնացածը ինքներդ հասկացեք»:
Նման կուրսի՝ առաջնայինը թալան, իսկ թե մի բան հանկարծ մնաց՝ իհարկե, Ազգ ու Հայրենիք, շարունակության դեպքում գնալով իրոք որ ոչ թե խղճուկ, այլ ողորմելի կդառնա մեր վիճակը: Եւ երիցս ճիշտ կլինեն նրանք, ովքեր պնդում են, որ անձնատուր պետք է եղած լինեինք դեռեւս տաս, կամ, նույնիսկ, քսան տարի առաջ:
Թե հերոսին, թե սրիկային, թե դավաճանին ծնում-ստեղծում է նույն ժողովուրդը: Եւ այդ երկունքի պտուղ-արդյունքը պայմանավորված է միայն ու միայն նրանով, թե որքանով է տվյալ ազգը հանդուրժում մարդկային արատ կոչվածը:
Արտավազդ Բասենցյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment