Sunday, June 5, 2011

Ռուսաստանցի քաղաքագետ. առանց Ղարաբաղի մասնակցության Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունք կլինի

News.am. 5-6-2011- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն անարդյունք կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային սեղանին չի վերադառնա Ստեփանակերտը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը` մեկնաբանելով առաջիկայում Կազանում կայանալիք նախագահների հանդիպումը:
«Մենք շատ ենք խոսում այդ մասին, սակայն միակ բանը, որը նշվում է արդյունքում, դա նախագահների հանդիպման փաստն է եւ ղարաբաղյան հարցի շուրջ իրավիճակի քննարկումը: Քանի դեռ Ստեփանակերտը չի մասնակցի բանակցային գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, ինչ էլ որոշեն երկու երկրների նախագահները, դա չի բերի իրավիճակի փոփոխության»,– հայտարարել է քաղաքագետը:
Ընդհանուր առմամբ քաղաքագետը ոչ մի նոր սպասելիք չունի հանդիպումից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին G8-ի գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հայտարարություն էին ընդունել։ Փաստաթղթում կողմերը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են արել քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները։

«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է հագեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման՝ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ ընձեռելով։ Համոզված ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը դեպի խաղաղ կարգավորում քայլ անեն»,-ասվում է հայտարարության մեջ:

No comments: