Friday, June 24, 2011

Մարտահրավեր. Վրացական արտադրության նեթբուքերը կմրցակցե՞ն հայկական համակարգիչների հետ

News.am. 23-6-2011- Այն կիրականացնի «Ալգորիթմ» ընկերությունը` Intel պրոցեսորների հիմքի վրա: Նախաձեռնության հեղինակը Վրաստանի կառավարությունն է:Այժմ Թբիլիսիում ընթանում են համապատասխան գործարանի վերանորոգման եւ վերազինման աշխատանքները: Ենթադրվում է, որ նեթբուքերի տարեկան արտադրությունը կհասնի 60 հազարի:
Հաշվի առնելով, որ Հայաստանում համակարգչային շուկան բավականին հագեցած է, բացի այդ` կան նաեւ համակարգիչներ արտադրող հայկական ընկերություններ եւս, NEWS.am-ը փորձեց շուկայի մասնակիցներից տեղեկանալ, թե ինչ ազդեցություն կունենան վրացական նեթբուքերը հայկական շուկայի առաջարկի վրա:
Unicomp ընկերության տնօրեն Արմեն Բալդրյանն ասաց, որ նեթբուքերի արտադրությունը հիմնականում ուղղված է լինելու Վրաստանի կրթական բարեփոխումներին ու կկիրառվի կրթական նպատակներով՝ տրվելով առաջին դասարանցիներին։ Նրա խոսքով, այս տարի արտադրված նեթբուքերը կլրացնեն այդ երկրում առկա պահանջարկը, իսկ արդեն հաջորդ տարի դրանք Հայաստան կգան։

Ըստ Ա. Բալդրյանի, Վրաստանում արտադրվող նեթբուքերը կներառեն նաեւ կրթական ծրագրեր։ Բացի այդ, հաշվի առնելով Վրաստանի հարկային եւ մաքսային մեղմ քաղաքականությունը, վրացական նեթբուքերը շատ ավելի էժան կլինեն։

Doxx computers ընկերության (զբաղվում է համակարգիչների հավաքմամբ) վաճառքների տնօրեն Սերգեյ Պետրոսյանի խոսքով, դեռ վաղ է Վրաստանը որպես մրցակցից դիտելը։ Ամեն ինչ պարզ կլինի դրանց արտադրությունից հետո միայն։ «Բացի այդ նեթբուքերի անունը եւ դրանց սպասարկման մասը բաց է մնում»,-ասաց Ս. Պետրոսյանը։

Համակարգիչներ հավաքող մեկ այլ ընկերության` Lans-ի մենեջեր Տիգրան Մնացականյանը եւս այն կարծիքին է, որ առաջիկա տարիներին վրացական նեթբուքերը չեն կարող մրցակցել հայաստանյան շուկայում առկա այլ նեթբուքերի հետ։ «Նոր եւ անծանոթ նեթբուքերի մասին է խոսքը, մանավանդ վրացական արտադրության նեթբուքերի»,- ասաց Տ. Մնացականյանը։

Նշենք, որ Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 1700 հատ համակարգիչ: Այս տարվա 4 ամսում արդեն իսկ արտադրվել 463 համակարգիչ:

Լուսինե Մովսիսյան

No comments: