Friday, June 24, 2011

Արտակ Զաքարյան. ՀՀ Նախագահի խոսքը ասված էր շատ հստակ և կոնկրետ ուղղված էր միջազգային հանրությանը

ՀՀ նախագահի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթի և հնչած հարցուպատասխանների շուրջ երեկ Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ:

-Նախագահն անդրադառնալով Կազանում քննարկվելիք փաստաթղթին, իր ելույթում նշել է, որ դա «հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ: Ինչպիսին է հարցի հետ կապված Ձեր մոտեցումը:
-Նախագահի խոսքը ասված է շատ հստակ և կոնկրետ ուղղված է միջազգային հանրությանը: Դա փոխզիջումային տարբերակ է, որը մշակվել է՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները: Եթե Ադրբեջանն առ այսօր պարբերաբար ձախողել է բանակցային առաջընթացը և ներկայացրել է տարբեր անհիմն պահանջներ ու ձևախեղումներ, իսկ մենք խոսել ենք միայն կառուցողական դիրքերից և հանդես ենք եկել ի շահ խաղաղ և բանակցային կարգավորման, դեռևս չի նշանակում որ համաձայն ենք, կամ համաձայն ենք լինելու այն ամենին` ինչ առաջարկվում կամ քննարկվում է: Աշխարհում առ այսօր գոյություն ունեցած գրեթե բոլոր կոնֆլիկտների` քաղաքակիրթ և ընդունելի լուծման ճանապարհ է համարվել բանակցային ճանապարհը, և կողմերից յուրաքանչյուրն իր ընկալման մեջ ի նկատի է առել այն հանգամանքը, որ բանակցությունները և խաղաղ լուծումները ենթադրում են փոխադարձ զիջումներ: Մեր ամենամեծ զիջումն այն է, որ հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք և միջազգայնորեն ճանաչված իրացման, հանուն Լեռնային Ղարաբաղի անվտանգության և խաղաղ գոյակցության ապահովման մենք պատրաստակամություն ենք հայտնել քննարկելու նաև գոյություն ունեցող այլ` կոնֆլիկտի բուն էության համեմատ երկրորդային հարցեր:

-Նախագահը նաև նշել է, որ եթե պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետև իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստել է պատերազմի, իսկ եթե խաղաղություն լինի, ապա առավելություն կունենա Հայաստանը: Ի՞նչ նկատի ունի նախագահը:
-Նախագահի այս դիտարկումը ևս ուղղված էր միջազգային հանրությանը: Առ այսօր և հակամարտության կարգավորման ողջ ընթացքում Ադրբեջանը նշել է իր հասարակությանը հակահայ, ռազմատենչ ագրեսիվ քարոզչությամբ: Սա է Ադրբեջանի` պայմանականորեն ասված միակ «առավելությունը»: Խոսքը բնականաբար չի գնում ուժերի հարաբերակցության մասին: Խոսքը գնում է հակամարտության լուծման համար երկու երկրների հասարակությունների մոտ առկա տրամադրությունների մասին: Երբ միջազգային հանրությունը պարբերաբար կողմերին հանդուրժողականության և փոխադարձ վստահության կոչ էր անում, ապա պետք է նաև կարողանար հետևել և դատապարտեր այն հանգամանքը, որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը զինվում է նաև հայատյաց տրամադրություններով, իսկ մենք ընդհակառակը, ինչ որ տեղ նույնիսկ փորձել ենք Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն քարոզել: Այնպես որ «վայ վերլուծաբանների» ելույթները այս կապակցությամբ այլ ուղղությամբ են գնում:

-Հայաստանը հայտարարում է, որ իր համար տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունելի է, ինչն առիթ է դարձել տարաբնույթ հայտարարություններին: Ի՞նչ նկատի ունի հայկական կողմն՝ ասելով, թե ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
-Որպես միջազգային իրավունքի պատասխանատու անդամ` այո, մենք որևէ առարկություն չունենք և երբևէ չենք ունեցել տարածքային ամբողջականության` որպես միջազգային իրավունքի դեմ, ինչպես հարգում ենք միաջազգային իրավունքի մյուս բոլոր սկզբունքները: Դա մենք ընդունում ենք, և հարգում ենք այն այնպես, ինչպես որ կա: Մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի իրացման մասին, ինչը ըստ ՄԱԿ-ի կանոնադրության գերագույն նպատակ է` որպես ժողովուրդների ազատ կամարտահայտության իրավահավասար և անքակտելի սկզբունքի: Առանց ինքնորոշման իրավունքի հարգման, իրացման, և միջազգային կայուն երաշխիքների գոյության, անիմաստ կլինի խոսել տարածքային ամբողջականության ձևի և բովանդակության մասին:

No comments: