Friday, June 24, 2011

Կ. Սարիբեկյան. Մենք մեր պատերազմը վերջացրել ենք, հերթը` բանակցություններինն է

Panorama.am. 23-6-2011- «Մենք մեր պատերազմն արել-վերջացրել ենք, հերթը խաղաղ բանակցություններինն է»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախյան հերոսամարտի մասնակից Կարեն Սարիբեկյանը:
Խոսելով Ստրասբուրգում նախագահի ունեցած ելույթի, մասնավորապես, այն հայտարարության մասին, որ հավանական պատերազմի մենարկում առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետև իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի` Կ. Սարիբեկյանը նշեց, որ համամիտ է նախագահի դիտարկմանը:
«Երբ նախագահն ասում է, որ եթե պատերազմ լինի, ապա Ադրբեջանը առավելություն կունենա, որովհետև իր ժողովրդին 20 տարի շարունակ պատրաստում է պատերազմի, դա չի նշանակում, որ հնարավոր պատերազմի դեպքում մենք պարտություն ենք կրելու»,- նշեց ԱԺ պատգամավորն ու վստահեցրեց նրա հայտարարությունը նենգափոխելու փորձերը հաջողություն չեն ունենալու. «Նախագահը մեծ վստահություն է վայելում, և ազատամարտիկները, ովքեր նախագահին ճանաչում են դեռևս մարտի դաշտից, համամիտ են նրա հետ»:

Կ. Սարիբեկյանի վստահեցմամբ, հայերը խաղաղասեր ժողովուրդ են և ամեն ինչ անում են ցանկացած խնդիր խաղաղ ճանապարհով լուծելու համար, բայց դա չի նշանակում, որ պատրաստ չեն պաշտպանել իրենց հայրենիքն ու հայրենի տունը. «Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ մարդկանց մեջ ատելություն են սերմանում կամ «փուչիկ» քարոզներ անում այն մասին, թե իրենք պատրաստ են պատերազմին կամ կարող են ուժով հարցեր լուծել, ապա Հայաստանում ամենաբարձր մակարդակով ժողովրդին խաղաղության են պատրաստում: Ի վերջո, մենք մեր պատերազմն արել-վերջացրել ենք, հերթը խաղաղ բանակցություններինն է»:

No comments: