Wednesday, June 29, 2011

Մ. Ահմադինեժադ. «Եթե շարունակվեն մեղադրանքները, ես կօգտվեմ իմ օրինական, ազգային և բարոյական պարտավորություններից»

Panorama.am. 29-6-2011- «Կառավարության նկատմամբ իրականացվող ճնշումները քաղաքական նպատակ ունեն, սակայն եթե նկատեմ, որ դրանք վնաս են բերում երկրին, ես պարտավոր կլինեմ այդ խնդիրների շուրջ կիսվել ժողովրդի հետ և իմ պարտականությունն իրականացնել, սակայն հուսով եմ, որ գործը դրան չի հասնի»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր կայացած կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Անդրադառնալով վերջին շրջանում կառավարության որոշ անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության հարցին` Մ. Ահմադինեժադը պատասխանել է. «Այդ ձերբակալությունների հետ կապված որոշ խնդիրներ կան, և ես այդ մասին տեղեկացրել եմ դատական իշխանություններին»:
«Մինչ այդ եղած գործընթացների վերաբերյալ ես լռություն եմ պահպանել, սակայն, եթե ցանկանան իմ գործընկերներին մեղադրել, ապա ես օրինական, ազգային և բարոյական պարտականություններ ունեմ, որպեսզի նրանց պաշտպանեմ»,-նշել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի մշակույթի խորհրդի նախագահը, ԱԳ փոխնախարարը, «Արաս» և «Արվանդ» ազատ տնտեսական գոտիների գործադիր տնօրենները, որոնք, ըստ իրանական մամուլի, Մահմուդ Ահմադինեժադի աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշայիի մտերիմ անձնավորություններ են համարվում:

No comments: