«ԱԶԳ», 15-06-2011- Հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոտալուտ հանդիպման ֆոնին, այս օրերին միջազգային, առավելապես ռուսական մամուլը լայնորեն քննարկում է ԼՂ հիմնահարցը, լսելով այդ թվում հիմնական` ղարաբաղյան կողմի տեսակետները: Հիշեցնենք` նախ «Էխո Մոսկվի» հայտնի ռադիոկայանի խմբագրի տեղակալը եկավ Ստեփանակերտ ու զրուցեց ԼՂՀ ղեկավարության հետ, ինչի համար Բաքուն վերջինիս «անցանկալի անձ» ճանաչեց, գործում ներքաշեց նաեւ Ադրբեջանում ՌԴ դեսպան Դորոխինին, ինչն ի վերջո հանգեցրեց ռուս-ադրբեջանական` հետաքրքրական շարունակություն ապահովող «թեթեւ» դիվանագիտական սկանդալի: Նշենք միայն, որ ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անձամբ նամակով դիմել է արտգործնախարար Լավրովին` «կարգի հրավիրելու Բաքվում ՌԴ դեսպանին` այն բանի համար, որ նա չի պաշտպանել իր ներկայացրած երկրի քաղաքացու շահերը այն երկրում, որտեղ իրականացնում է դիվանագիտական ծառայությունը»: Օրեր առաջ «Մոսկովսկիե նովոստի» պարբերականը հարցազրույց ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հիմքում կրկինՙ ԼՂ հիմնահարցը: Այժմ էլ ռուսական «Վոեննի դիպլոմատ» պարբերականի հարցերին պատասխանել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:Խոսելով սահմանում տիրող իրավիճակից` նախագահ Սահակյանը նշել է. «Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Չնայած վերջին ժամանակներում այդ խախտումներն ավելի հաճախակի են դարձել, սակայն չեն կարող փոխել ուժերի գործող բալանսը կամ կոտրել մեր ժողովրդի եւ բանակի ոգին: Այդ գործողություններով Ադրբեջանն ընդամենը ուժեղացնում է անվստահությունն իր հանդեպ, խոչընդոտում խաղաղ կարգավորման գործընթացին: Փոխարենը մենք պարբերաբար հանդես ենք գալիս վստահությունն ամրապնդող առաջարկություններով, օրինակ, առաջարկում ենք, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին: Ադրբեջանական կողմը, սակայն, նենգափոխում է մեր բոլոր առաջարկությունները, որքան էլ դրանք կառուցողական լինեն»: Բակո Սահակյանը ընդգծել է, որ «Ադրբեջանի ռազմական հռետորաբանության եւ քաղաքականություն դարձած հայատյացության պայմաններում» ղարաբաղյան կողմը միշտ պատրաստ է պատերազմի, որն, անշուշտ, հղի է խիստ վտանգավոր հանգամանքներով ողջ Հարավային Կովկասի համար. «Անցնելով պատերազմի միջով` մենք առավել գնահատում ենք խաղաղությունը», շեշտել է ԼՂՀ նախագահը:
Նախագահ Սահակյանը «սպեկուլյացիա» է որակել ադրբեջանցի քաղաքական գործիչների այն թեզը, թե Բաքուն պատրաստ է Ստեփանակերտին տալ ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում. «Ոչ մի բարձր ինքնավարության մասին Ադրբեջանի կազմում խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը հնարավոր է լուծել միայն մեկ տարբերակով` միջազգային մակարդակով ԼՂՀ-ի ճանաչում: Սա մեր հանրապետության եւ ժողովրդի եւ իշխանության կարծիքն է, իսկ անցյալին վերադարձ չկա, եւ, կարծում եմ, դա բոլորի համար էլ պարզ է», նկատել է Բակո Սահակյանը: Այս վերջին հանգամանքը պարզ է նաեւ Ադրբեջանում: Այսպես` իր հայացքներում բավական հատկանշական` քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն bizimdovr.az կայքին հայտնել է. «Մենք պետք է սառնասիրտ գտնվենք, քանի որ Ղարաբաղը հետ չեն վերադարձնելու: Ադրբեջանի ռեսուրսներն այնպիսին չեն, որ օգտվելով անկախ պետության կարգավիճակից, կարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Այս հակամարտությունը կշարունակվի եւս 20 տարի: Նավթն ու գազը կվերջանան, հետո կտեսնենք», նշել է Ալիզադեն: Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ռուսական պարբերականի հետ զրույցում ընդգծելով խաղաղ բանակցությունների ղարաբաղյան կողմի մասնակցության կարեւորության մասին, նշել է. «Կարծում եմ, որ ոչ լիարժեք բանակցային ձեւաչափը (նկատի ունի` առանց ԼՂՀ-ի մասնակցության- Հ.Ա.) չի կարող բերել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական հանգուցալուծմանը: Առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների լիարժեք ձեւաչափը, որտեղ Լեռնային Ղարաբաղը մասնակցություն կունենա որպես լիիրավ կողմ»:
Անշուշտ` Բաքուն պետք է պատրաստ լինի Ստեփանակերտի հետ ուղիղ շփման գնալու, քանի որ, նախ` անհնար է որեւէ տեսակի խաղաղապահ ներկայացնել հակամարտության գոտում` դե ֆակտո ԼՂՀ-ում, առանց Ստեփանակերտի գրավոր համաձայնության, իսկ այս վերջինը հնարավոր կլինի, երբ, թեկուզ ժամանակավոր, բայց միջազգայնորեն կճանաչվի ԼՂ-ի կարգավիճակը, որն, ինչպես արդեն բարձրաձայնում են, չի կարող ավելի նվազ լինել ներկա կարգավիճակից: Այդ ժամանակ գոնե Բաքուն այլընտրանք չի ունենա ուղիղ բանակցելու միջազգայնորեն-ժամանակավոր ճանաչված Ստեփանակերտի հետ, եթե, իհարկե, ուզում է իրոք լուծել հակամարտությունը, ինչը, դատելով հունիսի 11-ին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպման երկկողմ պաշտոնական դրական արձագանքներից, պետք է որ հենց այդպես էլ լինի:
Հ. ԱՖՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment