Wednesday, June 29, 2011

Համանախագահները Երևան են բերելու ադրբեջանական առաջարկությունները. Վլադիմիր Կարապետյան

Tert.am. 29-6-2011- Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կբերեն Կազանում Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկները:
«Ադրբեջանը, ըստ Նալբանդյանի, նոր առաջարկություններ է ներկայացրել, ինչը չի հերքվել պաշտոնական Բաքվի կողմից: Կարծում եմ՝ համանախագահները Երևան են բերելու ադրբեջանական առաջարկությունները»,- հայտարարեց Կարապետյանն՝ ավելացնելով, որ համանախագահները Երևանում կքննարկեն հարցը, թե Բաքվի առաջարկներից որն է ընդունելի հայկական կողմի համար: «Ես շատ կուզեի, որ մենք էլ հանդես գայինք առաջարկներով»,- ընդգծեց Կոնգրեսի ներկայացուցիչը՝ վրդովմունք հայտնելով այն բանի կապակցությամբ, որ ադրբեջանական առաջարկների մասին խոսում է Հայաստանի արտգործնախարարը՝ «փիար անելով Ադրբեջանին»: Ըստ նրա՝ հայկական կողմի համար պատիվ կլիներ խոսել այն մասին, որ քանի որ սեղանին դրված չէ «մեր երազած» կարգավորման փաստաթուղթը, մենք էլ ներկայացրել ենք մեր առաջարկները:
«Կազանի հանդիպումը, կարծում եմ, ցույց է տալիս, որ գործընթացն ավարտված չէ և դրա վկայությունն է այն, որ միջնորդները շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը, և որ կողմերից մեկը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել առաջարկվող փաստաթուղթը»,- շարունակեց Վլադիմիր Կարապետյանը: Նա համաձայնեց այն կարծիքին, որ Կազանում փաստաթուղթ չի ստորագրվել Ադրբեջանի պատճառով: «Թերևս բոլորի համար է ակնհայտ, որ փաստաթուղթը չի ստորագրվել Ադրբեջանի պատճառով: Դրա մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը, իսկ Ադրբեջանի արձագանքից պարզ դարձավ, որ իրենք դա չեն հերքում»,- ասաց նա:
Կոնգրեսի ներկայացուցիչը կազանյան հանդիպմանը հայկական պատվիրակության երկրորդ ձախողումը համարեց այն, որ վերջինս «տեղում չֆիքսեց» Ադրբեջանի ապակառուցողականությունը: Ըստ նրա՝ հայկական պատվիրակությունը հենց Կազանում պետք է անմիջապես միջնորդների ներկայությամբ արձանագրեր դա և հասներ այն բանի, որ միջնորդները խոսեին Ադրբեջանի ապակառուցողականության մասին և ոչ թե սպասեր մի քանի օր անց միջազգային հանրության հայտարարություններին, որոնք հավասարության մեջ դիտարկեցին Հայաստանին և Ադրբեջանին:

No comments: