Thursday, June 2, 2011

Ձերբակալվել է ղարաբաղյան պատերազմի մասնակից թուրք «կոմանդոսը»

Tert.am. 2-6-2011- Նախօրեին Ստամբուլում ձերբակալվել է թուրքական ազգայնական շրջանակներում մեծ հեղինակություն վայելող Յուսուֆ Զիյա Արփաջըքը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Արփաջըքը մեկն է այն 18 ազգայնականներից, ովքեր նախորդ օրը ձերբակալվել էին Իզմիրում և Ստամբուլում՝ Դիրաբեքիրում կայանալիք «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հանրահավաքի ժամանակ «սադրիչ գործողություններ» կազմակերպելու կասկածանքով։
NTV–ի փոխանցմամբ՝ Յուսուֆ Զիյա Արփաջըքը ժամանակին իր «պատվավոր» տեղն է զբաղեցրել թուրք կոմանդոսների շարքերում, եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության, «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր և նախկին առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի անձնական թիկնապահը, մասնակցել է ղարաբաղյան և իրաքյան պատերազմենրին, դատապարտվել 10 տարվա ազատազրկման, երկու անգամ դիմել փախուստի։ Արփաջըքի անունը շրջանառվում է նաև «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում։ «Էրգենեքոնի» գործով անցնող մեղադրյալներից մեկը ժամանակին հայտարարել էր այն մասին, որ Արփաջըքը համարվում է «խորքային պետության մարտիկը»։ Տեղեկությունների համաձայն՝ Արփաջըքը կապեր ունի նաև «Էրգենեքոնի» գործով անցնող գլխավոր մեղադրյալներից պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչյուքի հետ։
Ըստ լրատվամիջոցի՝ «Քամիների միություն» (թուրքական զինված ուժերի պաշտոնաթող անդամներից բաղկացած կամավորականների ջոկատ, որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ կազմակերպությունը ներկայումս գլխավորում է հենց Յուսուֆ Զիյա Արփաջըքը – Tert.am) կազմակերպության անդամների հետ միասին Արփաջըքը հրամանատարի կարգավիճակով 1992թ. մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ երկար տարիներ կռվել է հայերի դեմ։

Նշենք, որ ամիսներ առաջ Արփաջըքը հայտարարել էր, որ եթե վերսկսվի ղարաբաղյան պատերազմը, ինքն իր զորամիավորման՝ «Քամիների միության» հետ միասին առանց հապաղելու կմեկնի Լեռնային Ղարաբաղ «ադրբեջանական հողերն ազատագրելու»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թուրք ազգայնականներն ահաբեկչական գործողություն էին ծրագրում Դիարբեքիրում հունիսի 6-ին կայանալիք «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հանրահավաքի ժամանակ։ Սակայն թուրք իրավապահներին հաջողվել էր կանխել այդ գործողությունը։ Ոստիկանները Իզմիրում և Ստամբուլում իրականացված հատուկ գործողության ադյունքում ձերբակալել էին 18 հոգու, որոնց թվում են Ստամբուլի ծայրահեղ ազգայնականների (Ülkü ocakları) և «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչներ։

Ազգայնականները ծրագրում էին Դիարբեքիրում հանարհավաքի ժամանակ զինված հարձակում իրականացնել խաղաղ բնակչության վրա։ Այդ գործողությամբ ազգայնականները խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ցանկանում էին վերականգնել «Ազգայնական շարժում» կուսակցության խարխլված դիրքերը և ձայներ ապահովել։

No comments: