Monday, October 8, 2012

«Ղարաբաղյան կլանի» գաղտնիքը

«Լրագի» 8-10-2012- Հայաստանում նախագահի թեկնածուների առաջադրումից մեկ ամիս առաջ ստեղծվել է իրավիճակ, երբ հիմնական պայքարը սպասվում է երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ: Ընդ որում, կարեւոր չէ՝ արդյոք Քոչարյանն անձամբ է առաջադրվելու, թե աջակցելու է իր կողմնակիցներից որեւէ մեկին: Գլխավորը, որ այս խաղին թույլ չեն տալու «երրորդ անձանց»: Այն, որ ինտրիգը ձգվում է գործնականում մինչեւ վերջին պահը, վկայում է, որ երկրորդ ու երրորդ նախագահները կամ լռելյայն, կամ կանխամտածված, պայմանավորվել են նախընտրական արշավից դուրս թողնել բոլոր մյուս պոտենցիալ թեկնածուներին: Եվ առաջադրումների շեմին, երբ արդեն ուշ կլինի առաջադրվելու համար, նրանք կհայտարարեն իրենց որոշման մասին, եւ այդ դեպքում նախընտրական արշավի ելքը կորոշեն միայն նրանք: Այն, որ երկու նախագահները նման խաղ են վարում, ակնհայտ է բոլորին: Հասկանալի է, որ դա տեսնում են նաեւ քաղաքական գործիչները, որոնք արդեն հիմա կարող են այդ խաղում սեփական ճշգրտումներն անել: Սակայն, ըստ ամենայնի, խաղը բոլորին դուր է գալիս, եւ ներկայում Հայաստանում չկան ուժեղ քաղաքական գործիչներ, որ կարողանային խանգարել դրան: Ինչպես ասում էր Քոչարյանը, Հայաստանում չկա այն տղամարդը... Հետո, երբ ամեն ինչ ավարտվի, նույն այդ քաղաքական գործիչները կասեն, թե նորից այդ ղարաբաղցիներն ամեն ինչ իրենց ձեռքը վերցրին, որ նրանք չեն ցանկանում հանձնել իշխանությունը եւ աջակցում են միմյանց: Սակայն ոչ ոք ինքզինքը հարց չի տա՝ իսկ ինքն ինչ է արել, որ դա տեղի չունենա: Ղարաբաղյան կլանի հարցն ինքնին վիճելի է, քանի որ եթե Ռոբերտ Քոչարյանը մնում է մենթալ ղարաբաղյան գործիչ, ապա Սերժ Սարգսյանը նախընտրում է ավելի լայն իմիջ, նա չի հրաժարվում իր ղարաբաղյան արմատներից, բայց եւ առանձնապես չի արտահայտվում: Հայկական պատկերացումներում, ճիշտ է, այս երկու գործիչները շարունակում են մնալ «օտար», սակայն չկա մի «յուրային», ով դառնար արժանի մրցակից: Հարցը ինտելեկտը կամ այլ արժանիքները չեն՝ Հայաստանում քիչ չեն արժանի մարդիկ, այդ թվում եւ քաղաքականության մեջ: Խնդիրը քաղաքականության հանդեպ վերաբերմունքի մեջ է՝ որպես մտածված ռիսկ, եթե ուզում եք՝ արկածախնդրություն, այս բառի դրական իմաստով, հաղթանակի ձգտման մեջ է, եւ ոչ՝ ապագա պարտության համար ի սկզբանե արդարացումների: Հարցն այն չէ, թե ինչ ծագում ունի մարդը, խնդիրը նրա հավակնությունների, պատասխանատվություն ստանձնելու վճռականության եւ որոշումներ ընդունելու ընդունակության մեջ է: Հայաստանի ընդդիմադիր գործիչները նախանձելի անվճռականություն են ցուցաբերում որոշումներ ընդունելու հարցում: Ասենք, ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը «խեղդվեց» Ահարոն Ադիբեկյանի կողմից, ով ասաց, թե նման թեկնածու կարող է լինել Գագիկ Ծառուկյանը: Փաստացի, նա ծաղրի ենթարկեց ընդդիմությանը եւ նրան դաժան գնահատական տվեց: Փոխարենը, ընդդիմադիր գործիչներից ոչ ոք մինչ այժմ հստակ չի հայտարարել իր հավակնությունների մասին: Եթե խոսք գնա ծագումնաբանության մասին, ապա հայաստանցի շատ գործիչների հոգեբանորեն զսպում է այն, որ նրանք ծնվել ու մեծացել են արտասահմանյան երկրներում: Հայերը արտերկրում մշտապես ստիպված են եղել զսպել սեփական հավակնությունները, հատկապես՝ քաղաքական: Այնտեղ կա որոշակի սահման, որից այն կողմ հայերն իրենց նույնիսկ չեն պատկերացնում: Հենց դրանով կարելի է բացատրել Վարդան Օսկանյանի արդարացող ելույթը, որի դեմ ակնհայտորեն քաղաքականացված մեղադրանք են առաջադրել, եւ դրանով կարելի է բացատրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքը, որն ամենավճռական պահին որոշում է երկխոսության մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ կամ համատեղ շտաբ ստեղծել ԲՀԿ-ի հետ: Հայաստանի նախագահի ընտրությունը կարող է ավարտվել հենց առաջադրման օրը: Սա այն դեպքն է, երբ ամեն ինչ որոշվելու է մինչ ընտրությունը, ոչ թե դրա արդյունքում: Եւ եթե նույնիսկ Քոչարյանն առաջադրվի, եւ նրա ու Սերժ Սարգսյանի միջեւ իրական պայքար ծավալվի, կհաղթի նրանցից մեկը, իսկ հայ հասարակայնության համար դա ընտրության բացակայություն է նույնպես: Նաիրա Հայրումյան

No comments: