Tuesday, June 14, 2011

Հայագիտությունն ինտերնետում. Կայացել է Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը

News.am. 14-6-2011- ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտը արդեն պաշտոնական կայք ունի՝ www.armin.am-ը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր` հունիսի 14-ին։ Կայքը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել հայագիտության հարցերը համացանցում, այլեւ հակազդել հակահայ քարոզչությանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության եւ տեղեկատվության բաժնի վարիչ Մհեր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ հայագիտության թեմաներով նյութերը համացանցում ներկայացված են մասնատված, առանձին թեմաներով, օրինակ՝ հայոց ցեղասպանություն, ղարաբաղյան հակամարտություն եւ այլն, չկան այնպիսի կայքեր, որոնք լիարժեք կերպով կներկայացնեին հայագիտության խնդիրները։
«Հայագիտության թեմաները համացանցում հիմնականում ներկայացված են առանձին գրքերի, հոդվածների, տեսանյութերի տեսքով, որոնք երբեմն միմյանց հակասում են, քանի որ դրանք հիմնականում հայագետ չհանդիսացող անհատների նախաձեռնություններ են»,-ասաց Մ. Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նոր կայքը ունի բազմաթիվ հղումներ դեպի այլ կայքեր, ինչը հնարավորություն կտա ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալ հայագիտության վերաբերյալ։ Բացի այդ, Մ. Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորություններից՝ հայագիտության վերաբերյալ նյութերը համացանցում կտարածվեն ոչ միայն կայքի, այլեւ սոցցանցերի, բլոգերի եւ լրատվական կայքերի միջոցով։

No comments: