Tuesday, July 26, 2011

Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 1/3-ով

News.am. 26-7-2011- 2010 թվականին Լեռնային Ղարաբաղ է այցելել 7924 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա համամետությամբ ավելի է 2378 մարդով կամ 31 տոկոսով (նախորդ տարի այդ թիվը կազմել է 5546)։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ կառավարության առընթեր զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների վերահսկման բաժնի գլխավոր մասնագետ Սերգեյ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ 2011-ի տվյալները պատրաստ կլինեն եւ կհրապարակվեն ավելի ուշ։
«Հատկանշական է, որ 2010-ին ԼՂՀ այցելած զբոսշրջիկներ զգալի մասը՝ 5739 մարդ, արտասահմանցիներ են, 2185-ը՝ հայաստանցիներ»,- նշեց Սերգեյ Սարգսյանը։ Որպես զբոսաշրջիկների միջին տարիք նա նշեց 40-50 տարեկանը, թեեւ մասնագետի խոսքով, կան ինչպես 70-80, այնպես էլ 30 տարեկան այցելուներ։
Հարցին, թե Լեռնային Ղարաբաղում ներկայումս քանի՞ գործող հյուրանոցային համալիր կա եւ ո՞ր բնակավայրերում են դրանք հիմնականում տեղակայված, մասնագետը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ զբոսաշրջիկներին պատրաստ են ընդունել 18 հյուրանոցներ, որոնց մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Ստեփանակերտում, ավելի փոքր թվով՝ Շուշիում»,- ասաց Սարգսյանը։
Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ հայ եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին Ղարաբաղը գրավում է ինչպես իր պատմամշակությաին հուշարձաններով, այնպես էլ հրաշալի բնությամբ ու հյուրասեր մարդկանցով։

No comments: