Tuesday, July 26, 2011

Իրաքցի խորհրդարանականներն ԱԳՆ-ից պահանջում են արտաքսել Իրանի դեսպանին

Panorama.am. 25-7-2011- Իրաքի խորհրդարանի մի շարք պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ երկրի արտաքին գործերի նախարարից պահանջում են, որպեսզի երկրից արտաքսվի Իրաքում Իրանի դեսպան Հոսեյն Դանայի Ֆարը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը` հղում անելով քուվեյթյան «Ալ Ղաբս» օրաթերթին:
Համաձայն տեղեկատվության` իրաքցի խորհրդարանականների հայտարարության պատճառն այն է, որ Իրանի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով ռազմական գործողություններ են իրականացրել Իրաքի Քուրդիստանի սահմանային շրջաններում:
Իրաքի ԱԳ նախարար Հուշյար Զիբարին նշել է, որ Իրաքի ԱԳՆ-ն իր բողոքի նոտան է ներկայացրել ԻԻՀ դեսպանին և իրանական կողմին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Իրաքի Քուրդիստանի սահմանային շրջաններում: Իրաքի ԱԳ նախարարը, միևնույն ժամանակ, հակադարձելով իրաքցի խորհրդարանականների պահանջին, նշել է, որ դեմ է Իրանի դեսպանին վտարելու պահանջին, քանի որ երկրները դեսպանների միջոցով են լուծում երկրների հարաբերություններում առկա խնդիրները:
Հիշեցնենք, որ ԻՀՊԿ և «Պեժակի» միջև զինված բախումները սկսվել են դեռևս հուլիսի 17-ին: Հուլիսի 20-ին ԻՀՊԿ հրամանատարներից մեկը Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ ԻՀՊԿ-ն, ելնելով անվտանգության, պաշտպանական և օրինական իր պարտականություններից, չի հանդուրժի, որպեսզի հակառակորդը ոտնձգություն կատարի իրանական տարածքի նկատմամբ:
Ըստ իրանական կայքերի` բախումների արդյունքում մինչ այժմ «Փեժակ» խմբավորման տասնյակ անդամներ են զոհվել, 6 հոգի էլ զոհվել է ԻՀՊԿ ուժերի կողմից, այդ թվում`ԻՀՊԿ Ղոմ քաղաքի հետախուզական ուժերի հրամանատար Աբբաս Ասեմին:

No comments: