Saturday, July 30, 2011

Կաթողիկոսը հյուրընկալեց Լեհաստանի նախագահին

Հուլիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ քրիստոնեական հավատը և արժեքներն են հիմքը կազմում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության, որից դրդված դարերի ընթացքում հայորդիները տարբեր պատմական հանգամանքներում ապաստան են գտել հավատակից եղբայր լեհ ժողովրդի հյուրընկալ երկրում: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը, ի դեմս Լեհաստանի նախագահի, շնորհակալություն հայտնեց Լեհաստանի իշխանություններին և ժողովրդին այսօր ևս լեհահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող բարյացակամ վերաբերմունքի և աջակցության համար:
Իր հերթին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ուրախություն հայտնեց Հայոց Եկեղեցու նվիրական կենտրոնում գտնվելու առիթով, անդրադարձավ դարերի ընթացքում հայ համայնքի կարևոր դերակատարությանը Լեհաստանի կյանքում: Իր խոսքում տիար Կոմորովսկին ընդգծեց, որ Լեհաստանը պետք է ոչ միայն շարունակի պահպանել բարեկամությունը, այլև նպաստի համագործակցության զարգացմանը և նաև իբրև Եվրամիության նախագահող երկիր` զորակից լինի Հայաստանին Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, ասվում է մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

No comments: