Saturday, July 30, 2011

ԿԵՂԾԻՔԸ, ԵԹԵ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԷԼ ԿՐԿՆՎԻ, ՄՆՈՒՄ Է ԿԵՂԾԻՔ

«ԱԶԳ, 30-07-2011- Վերջերս Regnum-ի հեղինակներից Ստանիսլավ Տարասովը հանդես էր եկել հրապարակումների շարքով, որտեղ, բացառապես հենվելով պատմական վավերաթղթերում առկա փաստերի վրա, ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու որոշման քաղաքական շարժառիթները:
Դա, բնականաբար, չէր կարող անտարբեր թողնել ադրբեջանական կողմին: Եվ ահա պատմաբան Ջամիլ Հասանլին նույն լրատվամիջոցով տարածել է իր «առարկությունները»: Հոդվածի հենց առաջին տողերից Հասանլին նենգափոխում է պատմական իրողությունները: Նա գրում է. «Խորհրդայնացումից հետո Ադրբեջանն սկսեց աղետալիորեն կորցնել իր տարածքները»: Եվ այս «հիմնավորումն» էլ նրա գլխավոր «կռվանն է». Հասանլին հարցը ներկայացնում է այնպես, որ «մուսավաթական իշխանության ժամանակ անվիճելիորեն ադրբեջանական համարվող հողերը խորհրդային իշխանության օրոք դարձել են վիճելի»: Խոսքը Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի մասին է:
Իր ասածը «հիմնավորելու» համար Հասանլին, սակայն, չի վկայակոչում իրավական ուժ ունեցող որեւէ միջազգային կամ միջպետական համաձայնագիր: Նրա «վկաները» Կովկասում «հայտնի բոլշեւիկներ Նարիմանովը, Մդիվանին, Միկոյանը, Նանեյշվիլին եւ 11-րդ բանակի ռազմական խորհրդի անդամներ Լեւանդովսկին եւ Միխայլովն» են, որոնք իբր նամակով դիմել են ՌԿ/բ/Կ կենտկոմ եւ գրել, որ «Ղարաբաղի եւ Զանգեզուրի մշակութային եւ տնտեսական անխզելի կապը Բաքվի հետ, որը այդ գավառներից տասնյակհազարավոր բանվորների է կերակրում, եւ նրանց կատարյալ կտրվածությունը Երեւանից վառ ապացույց են գտել 1919թ. հայկական Ղարաբաղի գյուղացիության համագումարում, որը, հայերի համար ատելի մուսավաթական ռեժիմի եւ Հայաստանի գործակալների սադրիչ աշխատանքի պայմաններում այնուամենայնիվ վճռականորեն արտահայտվել է Ադրբեջանի հետ կատարյալ միասնության օգտին` հայերի խաղաղ կյանքի երաշխավորման պայմանով»:
Մինչ այս մեջբերման բովանդակային նենգափոխումներին անդրադառնալը, նշենք մի «տեխնիկական» հանգամանք. իբրեւ «նամակի» աղբյուր Հասանլին հղում է անում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության արխիվին, ինչն առնվազն տարօրինակ է այն առումով, որ Մոսկվա հղված նամակը չէր կարող հետագայում հայտնվել Ադրբեջանում: Այժմ` ըստ էության:
Որ այս «փաստաթղթի» միակ հեղինակը «Կովկասում հայտնի բոլշեւիկ» Նարիմանովն է, վկայում է այն, որ այստեղ ըստ էության կրկնված է, թե «մուսավաթական իշխանության ժամանակ այդ հողերը անվիճելիորեն ճանաչվել են ադրբեջանական»: Հայտնի է, որ Նարիմանովը եղել է մուսավաթական «պառլամենտի» անդամ եւ արագորեն «մաշկափոխվել», երբ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «կառավարությունը», բոլշեւիկների հետ համաձայնության գալով, որոշել է «իշխանությունը հանձնել տեղական մուսուլմաններին»: Այդ գործարքի արդյունքում է, որ Նարիմանովը դարձել է «Կովկասում հայտնի բոլշեւիկ» եւ փաստացի ստանձնել Ադրբեջանի «խորհրդային կառավարության» ղեկավարի պաշտոնը:
Այդուհանդերձ, նամակի հեղինակները որեւէ այլ փաստարկ, քան Ղարաբաղի եւ Զանգեզուրի «անխզելի մշակութային եւ տնտեսական կապն է Բաքվի հետ, որը տասնյակհազարավոր բանվորների է սնում այդ գավառներից», չեն մատնանշում: Այս «տրամաբանությամբ» առաջնորդվելու դեպքում, սակայն, Ադրբեջանին պետք է միացվեին նաեւ Պարսկաստանի հյուսիսային եւ Ռուսաստանի հարավային այն գավառները, ծագումով որտեղից ոչ պակաս թվով բանվորների նույնպես «սնել էր» Բաքուն: Երկրորդ, «Կովկասում հայտնի բոլշեւիկները» խոսում են միայն հայկական Ղարաբաղի գյուղացիության համագումարի որոշման մասին եւ չեն անդրադառնում Սյունիքի բնակչության վերաբերմունքին` հանդեպ մուսավաթական ատելի ռեժիմի, թեեւ գտնում են, որ «Ղարաբաղը եւ Զանգեզուրը պետք է անառարկելիորեն մնան Ադրբեջանի սահմաններում»: Երրորդ, նրանք բացարձակապես խեղաթյուրում են Արցախի Ազգային խորհրդի եւ Ադրբեջանի «կառավարության» միջեւ ձեռք բերված համաձայնության իմաստը: Կողմերի միջեւ իրավահավասարության պայմաններում բանակցություններից հետո Լեռնային Ղարաբաղն իրեն «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ համարել է Ադրբեջանի սահմաններում»` մինչեւ հարցի վերջնական կարգավորում: Ժամանակավոր համաձայնությունը համարել «Ադրբեջանի հետ կատարյալ միասնության օգտին վճռականորեն արտահայտած որոշում» կարող էին միայն բոլշեւիկ-արկածախնդիրները, որոնց «հիմնավորումների» վրա էլ իր «առարկությունն» է հեղինակել պատմաբան Ջամիլ Հասանլին:
Եվ, վերջապես, չպետք է մոռանալ, որ Ջամիլ Հասանլիի վկայակոչած «փաստաթղթերը» ծնվել են այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանն արդեն խորհրդայնացած էր, իսկ Հայաստանը շարունակում էր մնալ անկախ: Ուստի եւ բնական է, որ քաղաքական փորձառությունից եւ դիվանագիտական ունակություններից բացարձակապես զուրկ` Կովկասում «հայտնի բոլշեւիկները» պետք է գործեին հօգուտ «պրոլետարական ինտերնացիոնալ Բաքվի»` ի վնաս «միջազգային իմպերիալիզմի գործակալ» Հայաստանի:

Ադրբեջանցի պատմաբանն, ինչ խոսք, հավատարիմ է իր երկրի վերնախավի մտածողությանը եւ 1920 թ. ամռան իրադարձությունները «գնահատելիս» ելակետ է վերցնում այն, որ Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, ազգությամբ հայ Լեւոն Կարախանն էր «Մոսկվայում Ադրբեջանի դեմ խարդավանքներ լարում»: Սա շատ պարզունակ «բացատրություն» է, եթե ավելին չասվի: Իրականն այն է, որ, ի տարբերություն Կովկասում «հայտնի բոլշեւիկների», որոնք ոչ առանց Նարիմանովի եռանդուն ջանքերի, ձգտում էին Հայաստանի, հայ ժողովրդի պատմական տարածքների հաշվին անմիջական կենդանի կապ ապահովել խորհրդայնացած Ադրբեջանի եւ «հեղափոխական» Թուրքիայի միջեւ, Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինն այդ «տաքգլուխներին» ստիպված էր քաղաքագիտական բնույթի տարրական դասեր տալ եւ բացատրել, որ «միջազգային իրավիճակը պարտադրում է Հայաստանի հետ հասնել համաձայնության»:

Խոսքը 1920 թ. օգոստոսի 10-ի համաձայնագրի մասին է, որով դադարեցված էին համարվում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պատերազմական գործողությունները, իսկ ռուսաստանյան զորքերի կողմից օկուպացված տարածքների` Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը` հետաձգվում մինչեւ միջպետական (հայ-ռուսական) պայմանագրի կնքումը: Արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը Կովկասում «հայտնի բոլշեւիկներին» բացատրում էր, որ բացառված չէ Հայաստանի անկախության ճանաչումը, «եթե քեմալականների վերաբերմունքը փոխվի» Ռուսաստանի հանդեպ:

Չիչերինի այս բացատրությունն, ի դեպ, իր «առարկություններում» մեջբերել է Ջամիլ Հասանլին: Սա հենց այն է, ինչ եզրահանգել է Ստանիսլավ Տարասովը` որ «վիճելի» տարածքների խնդիրը 1920-ական թվականներին «լուծվել է Ռուսաստանի եւ Մուստաֆա Քեմալի միջեւ աշխարհաքաղաքական գործարքի արդյունքում»:

Դա անառարկելի ճշմարտություն է: Եվ եթե ադրբեջանական կողմն այսուհետեւ 1 000 000 անգամ իսկ փորձի կեղծել պատմա-քաղաքական իրողությունները, ճշմարտությունը դրանից դույզն իսկ չի տուժելու: Նույն Regnum-ին տված հարցազրույցում, ի դեպ, ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն շատ դիպուկ է բնութագրել Բաքվի դիրքորոշումը. «Նրանք սպասում են, որ ԽՍՀՄ-ի նման մեկը ԼՂ հարցով որոշում կընդունի»:

No comments: