Friday, July 15, 2011

Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը խուսափել է հակահայկական տրամադրությունների աճի մասին հարցից

News.am. 14-7-2011- Վրաստանը բոլորի երկիրն է, ովքեր ապրում են այդ երկրում, նրանք բոլորն էլ սեփականատեր են եւ կառավարությունն էլ հիմնված է այդ արժեքների վրա: Այդ մասին «Կոմերսանտին» հայտնել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան` անդրադառնալով դիտարկմանը, թե կրոնական կազմակերպություններին եւ համայնքներին կարգավիճակ տալու մասին օրենքի ընդունումից հետո Վրաստանում հակահայկական տրամադրությունների աճ է գրանցվել:
«Ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, մեզ մոտ էլ կան մարդիկ, ես դրանց մարգինալ կանվանեի, որոնք շահարկում են դա»,- նկատել է Բոկերիան` փաստացի խուսափելով հնչած հարցից:
Հարցին, թե մտավախություններ չունի՞, որ օրենքի ընդունումը կարող է ապակայունացնել իրավիճակը երկրում, Բոկերիան պատասխանել է, որ մինչեւ օրենքի ընդունումը կրոնական կազմակերպություններն իրավունք ունեին գրանցվել որպես հասարակական կազմակերպություններ. «Բայց տարբեր դավանանքների հավատացյալների համար կարեւոր էր, որ անգամ ձեւականորեն իրենք կրոնական կազմակերպություններ կոչվեն: Կարծում եմ` Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունը լուծում է այդ խնդիրը: Այդ հարցը ավելի խորհրդանշական է, թեեւ երբեմն սիմվոլները ազդեցություն ունեն մարդկանց ընկալման վրա»:
«Մեզ համար կարեւոր է, որ բոլոր փոքրամասնություններն, այդ թվում կրոնական, զգան, որ իրենք հավասար իրավունքներ ունեն: Նրանք լավ իմաստով այս երկրի համասեփականատեր են: Բնականաբար, կա պատմական փաստ, որ ուղղափառ եկեղեցին խաղացել եւ խաղում է կենտրոնական դեր, դա ամենամեծ համայնքն է: Եվ դա ապացուցում է այն փաստը, որ կա սահմանադրական համաձայնագիր ուղղափառ եկեղեցու եւ պետության միջեւ: Վրաց ուղղափառ եկեղեցու հատուկ պատմական դերը հստակ արձանագրված է նաեւ Վրաստանի Սահմանադրության մեջ»:

Նրա խոսքով, դա չի նշանակում, որ խախտվում է ինչ-որ մեկի դավանանքի ազատությունը եւ չի հակասում հիմնարար այն սկզբունքին, որ Վրաստանը բազմազգ պետություն է:

No comments: